Հոդված 17
Հոդված 17
Միջազգային գրանցման գործողության նախնական ժամկետը և դրա երկարաձգումն ու պահպանության ժամկետը
1) [Միջազգային գրանցման գործողության նախնական ժամկետը] Միջազգային գրանցումը պետք է ուժի մեջ մտնի հինգ տարի նախնական ժամկետով, որը հաշվարկվում է միջազգային գրանցման թվականից։
2) [Միջազգային գրանցման ժամկետի երկարաձգումը] Միջազգային գրանցման ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հինգ տարով` սահմանված ընթացակարգի համաձայն և սահմանված տուրքերի վճարման պայմանով։
3) [Պահպանության ժամկետը նշված Պայմանավորվող կողմերի տարածքում] ա) Միջազգային գրանցումը երկարաձգված լինելու պայմանով և «բ» ենթակետին համապատասխան` պահպանության ժամկետը նշված Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրում պետք է լինի 15 տարի՝ հաշված միջազգային գրանցման թվականից։
բ) Եթե նշված Պայմանավորվող կողմի օրենքը արդյունաբերական նմուշին, որին, այդ օրենքին համապատասխան, պահպանություն է ընձեռվել, տալիս է 15 տարուց ավելի ժամկետով պահպանություն, ապա պահպանության ժամկետը պետք է լինի այնքան, որքան տրվում է տվյալ Պայմանավորվող կողմի օրենքով` պայմանով, որ միջազգային գրանցման գործողությունը երկարաձգված է։
գ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հայտարարագրով Գլխավոր տնօրենին ծանուցի իր օրենքին համապատասխան ընձեռվող պահպանության առավելագույն ժամկետի մասին։
4) [Սահմանափակ երկարաձգման հնարավորությունը] Միջազգային գրանցման գործողության երկարաձգումը կարող է ուժի մեջ մտնել նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ և միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի համար։
5) [Երկարաձգման գրանցումը և հրապարակումը] Միջազգային բյուրոն պետք է երկարաձգումները գրանցի միջազգային գրանցամատյանում և այդ մասին ծանուցում հրապարակի։ Ծանուցման հրապարակման մեկական օրինակ պետք է ուղարկվի շահագրգիռ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի գերատեսչությանը։