Հոդված 23
Հոդված 23
Ֆինանսները
1) [Բյուջե] ա) Միությունը պետք է ունենա բյուջե։
բ) Միության բյուջեն պետք է ներառի բացառապես Միության մուտքերն ու ծախսերը և Կազմակերպության կողմից կառավարվող Միությունների համար ընդհանուր ծախսերի բյուջե կատարած մուծումները։
գ) Ոչ միայն Միությանը, այլև Կազմակերպության կողմից ղեկավարվող մեկ կամ մի քանի այլ Միություններին վերաբերող ծախսերը պետք է համարվեն Միությունների համար ընդհանուր ծախսեր։ Այդպիսի ընդհանուր ծախսերում Միության բաժինը պետք է համապատասխան լինի դրանց մեջ ունեցած նրա շահագրգռվածությանը։
2) [Համակարգումը այլ Միությունների բյուջեների հետ] Միության բյուջեն պետք է ստեղծվի` համապատասխան ձևով հաշվի առնելով Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները։
3) [Բյուջեի ֆինանսավորման աղբյուրները] Միության բյուջեն պետք է ֆինանսավորվի հետևյալ աղբյուրներից.
(i) միջազգային գրանցման համար տուրքերից,
(ii) Միջազգային բյուրոյի կողմից Միության համար կատարված այլ ծառայությունների գումարներից,
(iii) Միջազգային բյուրոյի կողմից` Միությանը վերաբերող հրատարակությունների վաճառքից կամ հոնորարներից,
(iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրավճարներից,
(v) վարձակալությունից, տոկոսներից և տարբեր այլ եկամուտներից։
4) [Տուրքերի և վճարաչափերի ամրագրումը. բյուջեի չափը] ա) 3.i կետում նշված տուրքերի չափերը պետք է ամրագրվեն Վեհաժողովի կողմից՝ Գլխավոր տնօրենի առաջարկով։ 3.ii կետում նշված վճարաչափերը պետք է սահմանվեն Գլխավոր տնօրենի կողմից և պայմանականորեն ընդունվեն մինչև Վեհաժողովի կողմից հերթական նիստի ժամանակ հավանության արժանանալը։
բ) 3.i կետում նշված տուրքերի չափերը պետք է այնպես ամրագրվեն, որ Միության՝ տուրքերից և այլ աղբյուրներից ունեցած եկամուտները բավարար լինեն առնվազն Միջազգային բյուրոյի` Միությանը վերաբերող բոլոր ծախսերը հոգալու համար։
գ) Եթե բյուջեն չի ընդունվում մինչև նոր ֆինանսական ժամանակահատվածի սկիզբը, ապա այն պետք է լինի նույն չափով, ինչ նախորդ տարվա բյուջեն, ինչպես սահմանված է ֆինանսական կանոնակարգերում։
5) [Շրջանառության միջոցների ֆոնդը] Միությունը պետք է ունենա շրջանառու միջոցների ֆոնդ, որը բաղկացած է մուտքերի հավելյալ գումարից, իսկ եթե այդ գումարը չի բավարարում` Միության անդամներից յուրաքանչյուրի կատարած միանվագ վճարից։ Եթե ֆոնդը պակասում է, Վեհաժողովը պետք է որոշի այն ավելացնել։ Վճարման բաժինը և վճարման ժամկետները պետք է ամրագրվեն Վեհաժողովի կողմից` Գլխավոր տնօրենի առաջարկությամբ։
6) [Կանխավճարներ՝ ընդունող պետության կողմից] ա) Կենտրոնակայանի մասին համաձայնագրում` կնքված այն պետության հետ, որի տարածքում գտնվում է Կազմակերպության կենտրոնակայանը, պետք է նշված լինի այն մասին, որ շրջանառու միջոցների ֆոնդի անբավարար լինելու դեպքում տվյալ պետությունը պետք է տա կանխավճարներ։ Այդ կանխավճարների չափը և տրամադրման պայմանները պետք է ենթակա լինեն առանձին համաձայնության այդ պետության և Կազմակերպության միջև, ընդ որում` յուրաքանչյուր կանխավճարի համար առանձին։
բ) «ա» ենթակետում նշված պետությունը և Կազմակերպությունը պետք է իրավունք ունենան գրավոր ծանուցմամբ չեղյալ հայտարարելու կանխավճարի մուծման պարտավորությունը։ Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցագիրն ուղարկելու տարվա վերջից հաշված երեք տարի։
7) [Ֆինանսական ստուգումը] Ֆինանսական ստուգումը պետք է իրականացվի Միության անդամ հանդիսացող մեկ կամ ավելի պետությունների կողմից կամ արտաքին ստուգողների կողմից, ինչպես սահմանված է ֆինանսական կանոնակարգերում։ Նրանք, իրենց համաձայնությամբ, պետք է նշանակվեն Վեհաժողովի կողմից։