Հոդված 24. Վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը
Հոդված 24. Վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը
1. Վավերացման ենթակա է ստորագրված միջպետական միջազգային պայմանագիրը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի։
2. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.
6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.
7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:
3. (մասն ուժը կորցրել է 31.05.17 ՀՕ-89-Ն)
4. Սույն մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագիր է վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ տրամադրելուն, միջպետական կամ միջկառավարական հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող կամ միջկառավարական, միջգերատեսչական (միջբանկային) այնպիսի միջազգային կազմակերպության ստեղծման (հիմնադրման) դրույթներ պարունակող միջազգային պայմանագիրը, որի համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինելու կատարել միանվագ կամ պարբերաբար դրամական մուծումներ կամ նախատեսում է այլ ֆինանսական պարտավորությունների ստանձնում:
Սույն օրենքով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում միջազգային պայմանագրով ստանձնած այն պարտավորությունները, որոնք թեև հայկական կողմի համար նախատեսում են դրամական մուծումներ կամ հատկացումներ կատարել, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության բյուջեի կամ համայնքային բյուջեների եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չեն հանգեցնում:
Մասնավորապես ֆինանսական պարտավորություններ չեն համարվում հարկային, մաքսային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ սահմանող, գործուղումների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները, ինչպես նաև այն միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են մարդասիրական օգնություն, նվիրատվություն, դրամաշնորհ, կամ նախատեսվում են իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն` առանց պայմանագրի մյուս կողմի օգտին հայկական կողմի վրա փոխադարձ ֆինանսական կամ որևէ այլ գույքային այնպիսի պարտավորություն դնելու, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով։
(24-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-194-Ն, խմբ., փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)