Հոդված 1
Հոդված 1
Կազմակերպության նպատակներն են.
ա) Մեխանիզմներ մշակել կառավարությունների միջև համագործակցության համար միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող բոլոր տեսակի տեխնիկական հարցերի վերաբերյալ պետական կանոնակարգման և գործելակերպերի ոլորտում, խրախուսել և դյուրացնել գործնականում կիրառելի բարձր ստանդարտների ընդունումը ծովային անվտանգությանը, նավարկության արդյունավետությանը և նավերից ծովի աղտոտման կանխմանն ու վերահսկմանը վերաբերող հարցերում, ինչպես նաև զբաղվել սույն հոդվածում սահմանված նպատակներին առնչվող` ադմինիստրատիվ և իրավական հարցերով:
բ) Խրախուսել միջազգային առևտրում ներգրավված նավափոխադրումների վրա ազդող` կառավարությունների խտրական գործողությունների և անհարկի սահմանափակումների վերացումը` խթանելու համար առանց խտրականության նավափոխադրման ծառայությունների մատչելիությունը համաշխարհային առևտրում: Որևէ կառավարության կողմից իր ազգային նավափոխադրումների զարգացման համար, ինչպես նաև անվտանգության նպատակներով ցուցաբերվող աջակցությունն ու խրախուսանքը ինքնին չի հանդիսանում խտրականություն` պայմանով, որ այդ աջակցությունն ու խրախուսանքը հիմնված չէ այնպիսի միջոցների վրա, որոնք նախատեսված են` սահմանափակելու համար բոլոր դրոշների ներքո նավափոխադրումների միջազգային առևտրին մասնակցելու ազատությունը:
գ) Ապահովել նավափոխադրող ընկերությունների անարդար, սահմանափակող գործելակերպերին վերաբերող հարցերի քննարկումը Կազմակերպության կողմից՝ II մասի համաձայն:
դ) Ապահովել նավափոխադրումներին և ծովային միջավայրի վրա նավափոխադրումների ազդեցությանն առնչվող այն բոլոր հարցերի քննարկումը Կազմակերպության կողմից, որոնք կարող են փոխանցվել նրան Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած մարմնի կամ մասնագիտացված գործակալության կողմից:
ե) Ապահովել Կազմակերպության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կառավարությունների միջև: