Հոդված 198. Մաքսային ստուգումը
Հոդված 198. Մաքսային ստուգումը
(վերնագիրը խմբ. 17.06.26 ՀՕ-282-Ն)
1. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Մաքսային հսկողության շրջանակներում մաքսային մարմինը մաքսային ստուգումն իրականացնելիս կիրառում է Միության մաքսային օրենսգրքի 331-333-րդ հոդվածներով նախատեսված մաքսային ստուգման հետևյալ տեսակները.
1) կամերալ մաքսային ստուգում.
2) արտագնա մաքսային ստուգում, որն էլ բաժանվում է հետևյալ տեսակների՝
ա. պլանային արտագնա մաքսային ստուգում,
բ. արտապլանային արտագնա մաքսային ստուգում,
գ. արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում:
3. Պլանային արտագնա մաքսային ստուգման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:
4. Կամերալ և պլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են ստուգումն սկսելու մասին ծանուցելով:
5. Կոմիտեն սահմանում է կամերալ և պլանային արտագնա մաքսային ստուգումներն սկսելու մասին ծանուցման ձևերը, ինչպես նաև արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) ձևը, որ պարունակում է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները: Սույն մասով նախատեսված ձևերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն ստուգվող անձանց և մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
6. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում մաքսային մարմնի ղեկավարի, նրա լիազորած տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց կողմից ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ) մաքսային մարմնի որոշմամբ (հրամանով), որը վավերացնում են մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած տեղակալը կամ նրանց փոխարինող անձինք:
7. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա Կառավարության սահմանած կարգով մաքսային ստուգմանը կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից:
8. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 5-րդ կետում նշված անձանց նկատմամբ՝ նույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանգամանքների ստուգման նպատակով: Նույն անձանց նկատմամբ նույն հաշվետու ժամանակաշրջանում նույն հանգամանքի ստուգում կարող է իրականացվել քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
(198-րդ հոդվածը խմբ. 17.06.26 ՀՕ-282-Ն)
(17.06.26 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)