Հոդված 226. Մաքսային օրենսդրության, մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկումը: Պաշտոնական պարզաբանումը
Հոդված 226. Մաքսային օրենսդրության, մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկումը: Պաշտոնական պարզաբանումը
1. Մաքսային մարմիններն ապահովում են՝
1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության ազատ, անվճար հասանելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով.
2) իրենց պաշտոնական կայքերում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և Միության մաքսային օրենսդրությանն առնչվող իրավական ակտերի, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրապարակումը կարող է հանգեցնել մաքսային հսկողության իրականացման արդյունավետության նվազեցմանը կամ խոչընդոտել դրա իրականացումը:
2. Մաքսային մարմիններն անձանց տրամադրում են իրազեկումներ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
3. Մաքսային մարմինների կողմից իրազեկումն իրականացվում է անվճար հիմունքներով` բանավոր կամ գրավոր։ Անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները ներկայացնել գրավոր:
4. Մաքսային մարմինը պատասխանատվություն չի կրում իր հրապարակած իրավական ակտերի կամ իրազեկման ձևերով տրամադրած տեղեկատվության խեղաթյուրման արդյունքների կամ առանց մաքսային մարմնի գիտության և հսկողության հրապարակված իրավական ակտերի համար:
5. Մաքսային մարմինը կարող է սահմանել անձանց իրազեկումներ տրամադրելու կարգը և ժամկետները: