Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 199.3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման եղանակները և ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 199.3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման եղանակները և ժամկետները

1. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցումն իրականացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով․

1) առձեռն, որի դեպքում ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է վավերացնել փաստաթղթերի երկու օրինակները՝ հաստատելով փաստաթղթերն ստանալու հանգամանքը, որոնցից մեկը (մաքսային մարմնի օրինակը) վերադարձվում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին: Փաստաթուղթը վավերացնելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում փաստաթղթի համապատասխան օրինակի վրա, որը վավերացվում է իր և ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից, իսկ վերջինիս կողմից վավերացումից հրաժարվելու դեպքում այդ մասին ևս գրառում է կատարվում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից: Սույն կետով սահմանված դեպքում փաստաթուղթն ստանալու ամսաթիվ է համարվում փաստացի հանձնելու ամսաթիվը, իսկ փաստաթուղթն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում՝ գրառում կատարելու ամսաթիվը․

2) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Սույն կետով սահմանված դեպքում փաստաթուղթն ստանալու ամսաթիվ է համարվում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի էջում տեղադրելու ամսաթիվը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից․

3) փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ մաքսային և (կամ) հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման, գրանցման, գործունեության կամ բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում նշված փաստաթղթերի վերաբերյալ ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի պարագայում անձինք համարվում են պատշաճ ծանուցված փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:

2. Սույն հոդվածի իմաստով մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթեր են համարվում`

1) կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը.

2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը).

3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը (հրամանը).

4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը.

5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը.

6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը.

7) մաքսային ստուգման ակտի նախագիծը.

8) մաքսային ստուգման ակտը:

Սույն մասով նախատեսված փաստաթղթերի ձևերը սահմանում է Կոմիտեն:

3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերը ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթանալու նպատակով ներկայացվում են հետևյալ ժամկետներում.

1) կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելու օրը.

2) պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելուց 15 օր առաջ.

3) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելու օրը.

4) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

5) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ստուգման ավարտը.

6) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

7) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

8) մաքսային ստուգման ակտի նախագիծը և ստուգման ակտը՝ սույն օրենքի 199.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում:

(199.3-րդ հոդվածը լրաց. 17.06.26 ՀՕ-282-Ն)

(17.06.26 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։