Հոդված 251. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցումը և վերսկսումը
Հոդված 251. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցումը և վերսկսումը
1. Ռեեստրներում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը մաքսային մարմնի որոշմամբ կասեցվում է՝
1) իրավաբանական անձի կողմից իր գործունեության կասեցման մասին դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
2) իրավաբանական անձի նկատմամբ սնանկության վարույթի հարուցման դեպքում իրավաբանական անձի կողմից դիմումի ներկայացման դեպքում` դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.
3) դատարանի կամ լիազոր մարմնի կողմից իրավաբանական անձի գործունեության կասեցման մասին որոշման ընդունման դեպքում` մաքսային մարմիններին կասեցման մասին որոշումը հայտնի դառնալու օրվանից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված փաստաթղթի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի փաստաթղթի առկայությունը նախատեսված է՝ մաքսային մարմիններին կասեցման կամ դադարեցման փաստը հայտնի դառնալու օրվանից.
5) հսկողական միջոցառումների ընթացքում գործունեության տվյալ տեսակի ռեեստրում ընդգրկելու համար սահմանված պահանջները և պայմանները չպահպանելու կամ խախտում հայտնաբերելու դեպքում:
2. Ռեեստրներում ընդգրկված իրավաբանական անձանց գործունեության կասեցման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ներկայացվում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքով կասեցման որոշում ընդունելու դեպքում որոշումը ներկայացվում է սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով և սույն օրենքի 199.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում:
3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի գործունեության կասեցման օրվանից ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստներում պահպանման համար ապրանքների ընդունումը, անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների և մաքսային փոխադրողների՝ այդ ոլորտում գործունեությունը չի թույլատրվում։ Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի գործունեությունը մեկ ամսից ավելի ժամկետով կասեցվելու դեպքում ժամանակավոր պահպանման պահեստում պահպանվող ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի միջոցների հաշվին կասեցմանը հաջորդող օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հանձնվում են ժամանակավոր պահպանման այլ պահեստ։
4. Ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողի, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը վերսկսվում է այդ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների վերացումը հաստատող փաստաթղթերն իրավաբանական անձի կողմից ներկայացվելու կամ գործունեության կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը տեսազննման արդյունքով հաստատվելու օրվան հաջորդող օրվանից, որի վերաբերյալ մաքսային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ծանուցում է իրավաբանական անձին։
5. Մաքսային ներկայացուցիչների, մաքսային փոխադրողի, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեությունը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով: Խախտումների վերացման նպատակով տրամադրվող ժամկետի տևողությունը որոշում է մաքսային մարմինը՝ ելնելով հայտնաբերված խախտումը վերացնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածից: Սահմանված ժամկետում հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության տվյալ տեսակը դադարեցվում է, և կազմակերպությունը հանվում է տվյալ տեսակի գործունեության ռեեստրից:
6. Մաքսային հսկողության արդյունավետության վրա էական ազդեցություն չունեցող խախտումների հայտնաբերման դեպքում դրանք վերացնելու համար կարող է տրամադրվել ողջամիտ ժամկետ՝ առանց գործունեության տվյալ տեսակի կասեցման: Տրամադրված ժամկետում մաքսային հսկողության արդյունավետության վրա էական ազդեցություն չունեցող խախտումները չվերացնելու պարագայում տվյալ գործունեությունը կասեցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
(251-րդ հոդվածը փոփ. 17.06.26 ՀՕ-282-Ն)
(հոդվածը 04.03.26 ՀՕ-84-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելը)
(17.06.26 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)