Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 199. Մաքսային ստուգման ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 199. Մաքսային ստուգման ժամկետները

(վերնագիրը խմբ. 17.06.26 ՀՕ-282-Ն)

1. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, որը չի ներառում ստուգման ենթարկվող անձին կամ նույն ստուգման շրջանակներում այլ անձանց փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման մասին պահանջը հանձնելու ամսաթվի և այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ստանալու ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածը, իսկ արտագնա մաքսային ստուգման առավելագույն ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 22-րդ կետով:

2. Կամերալ մաքսային ստուգման սկիզբ է համարվում կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը ստուգվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ արտագնա մաքսային ստուգման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը: Կամերալ և արտագնա մաքսային ստուգումների ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը:

3. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված ժամկետով:

4. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող կասեցվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա կարող է կասեցվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում՝ այդպիսի առգրավման օրվանից, իսկ առգրավման օրը հայտնի չլինելու դեպքում՝ առգրավման հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից.

2) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքում՝ համապատասխան վարույթի հարուցման օրվանից, իսկ այդպիսի վարույթի հարուցման օրվա վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին հայտնի չլինելու դեպքում՝ վարույթի առկայության հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից:

5. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան ինն ամսով, բացառությամբ՝

1) քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչություններ հարցումներ կատարելու դեպքի, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալու օրը ներառյալ.

2) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքի, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելու օրը ներառյալ.

3) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքերի, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող գործով որոշումը մաքսային մարմինների ստանալու օրը ներառյալ.

4) մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքի, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև փորձաքննության եզրակացությունը (պատասխանը) ստանալու օրը ներառյալ.

5) փաստաթղթերի վերականգնման կամ այնպիսի փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքի, որոնք ազդեցություն պետք է ունենան ստուգման արդյունքների վրա, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև մաքսային մարմիններ փաստաթղթերի ներկայացման օրը ներառյալ:

(199-րդ հոդվածը խմբ. 17.06.26 ՀՕ-282-Ն)

(17.06.26 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։