Հոդված 189. Մաքսային հսկողության գոտիները
Հոդված 189. Մաքսային հսկողության գոտիները
1. Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 319-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
2. Կառավարությունը մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
3. Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առևտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Մաքսային հսկողության գոտու տարածքում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից օրենքով իրենց վերապահված իրավասության սահմաններում գործողությունների իրականացումը կարող է տեղի ունենալ մաքսային մարմինների հետ փոխգործակցության միջոցով՝ մաքսային մարմինների հսկողության ներքո:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ստեղծվող մաքսային հսկողության գոտիների վրա։
6. Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները սահմանում է Կառավարությունը:
7․ Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն։
(189-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-317-Ն, լրաց., փոփ. 28.02.24 ՀՕ-113-Ն)
(25.10.23 ՀՕ-317-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(մինչև 28.02.24 ՀՕ-113-Ն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելը անմաքս առևտրի խանութների համար Կոմիտեի սահմանած վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչև Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք` 28.02.24 ՀՕ-113-Ն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն)