Հոդված 334. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները
Հոդված 334. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումները
1. Քննելով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) վարչական տույժ նշանակելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը ներառում է այն կայացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, որոշում կայացնելու ամսաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Այն դեպքում, երբ անձը, որին ուղարկվել է սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը, չի գտնվել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել գտնվելու հասցեն, ապա այդ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին անձը ծանուցվում է մաքսային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
4. Վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումը կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով: