Հոդված 12
Հոդված 12.
Ներառում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, լեյկոէնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալոմիելիտներ, աուտոիմուն էնցեֆալիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև` սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները:
«Ա» կետին են վերաբերում նյարդային համակարգի գործառույթների խիստ արտահայտված խանգարումները, որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով:
«Բ» կետին են վերաբերում հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը, որոնք արտահայտվում է մնացորդային երևույթներով` ԿՆՀ-ի գործառույթների չափավոր արտահայտված խանգարումներով, ներգանգային ճնշման բարձրացումով:
«Գ» կետին են վերաբերում նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է կամ ԿՆՀ-ի գործառույթների թեթև խանգարումները:
Մենինգակոկային վարակ տարած զորակոչիկներին տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով, եթե բուժման ավարտից չի անցել մեկ տարի: Տարկետման ավարտից հետո նրանց պիտանիության հարցը որոշվում է ըստ նյարդային համակարգի գործառույթների խանգարման արտահայտվածության:
Գլխուղեղի ոչ մեծ (մինչև 0,6 սմ) գլիոզի օջախների առկայության դեպքում՝ առանց նյարդաբանական սիմպտոմատիկայի փորձաքննությունը կատարվում է ըստ «գ» կետի, իսկ փոփոխությունների կամ գործառույթների խանգարման դեպքում՝ ըստ «բ» կետի:
Մենինգիզմի երևույթներով, առանց մենինգիտի զարգացման տարած թեթև և միջին ծանրության վարակներից հետո, մնացորդային երևույթների դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով:
Մնացորդային երևույթների բացակայությամբ կամ գործառույթի թեթև խանգարումով անձինք փորձաքննվում են «գ» կետով։
Զինծառայողները՝ սուր և ծանր ընթացքով նյարդավարակներից հետո, փորձաքննվում են ըստ «ա» և «բ» կետերի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի փորձաքննվում են «բ» և «գ» կետերով: