Հոդված 34
Հոդված 34.
Ներառում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, հետորովայնամզային տարածության վիրաբուժական հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:
«Ա» կետին են վերաբերում`
1) շնչափողի վիրավորումները, վնասվածքները և վիրահատություննրը (բացառությամբ տրախեոստոման)՝ անկախ գործառույթից.
2) թոքերի, թոքամզի (պլևրայի), բրոնխների և միջնորմի վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները՝ շնչառական գործառույթի զգալի խանգարումով.
3) կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ կամ հաստ աղիների մասնահատումները, ցողունային կամ սելեկտիվ ստամոքսային վագոտոմիան՝ ստամոքսը դրենավորող վիրահատություններով, աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը): Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը՝ բարակ կամ հաստ աղիների մասնահատումների, աղեստամոքսային բերանակցման (անաստոմոզի) դեպքերում, իրականացվում է «բ» կետով.
4) աղեստամոքսային համակարգի զանգվածային արյունահոսությունները՝ արյան զգալի կորստով (հեմոռագիկ շոկ, հեմոգլոբինի զգալի անկում), առկա օրգանական հիմքով և սակավարյունության պատկերով (հաստատված բժշկական կազմակերպությունների էպիկրիզներով): Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
5) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները.
6) ստոծանու՝ հարկերակրափողային, այլ տեղակայման ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով՝ հաստատված կրծքավանդակի և որովայնի խոռոչի կոնտրաստ համակարգչային շերտագրումով, ներերակային և պերօրալ կոնտրաստավորումով, նաև ստոծանու կերակրափողային բացվածքի սահող ճողվածքները` հաստատված կերակրափողի, ստամոքսի ռենտգենոգրաֆիկ կոնտրաստ հետազոտությունով՝ Տրենդելենբուրգի դիրքում՝ վիրահատական անբավարար արդյունքների դեպքում: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով: Վիրահատական բուժումից (վիրահատական բուժման ցուցման դեպքում) հրաժարվող անձինք փորձաքննվում են «բ» կետով.
7) թոքարմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը՝ անկախ բարդության աստիճանից կամ գործառութային խանգարումներից: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
8) ստամոքսի կամ տասներկումատյա աղու խոցային հիվանդությունը՝ բարդացած թափածակմամբ, (հաստատված էպիկրիզով), օրգանական հիմքի առկայությամբ: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
9) վիճակ ստամոքսի մասնահատումից հետո: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
10) փայծաղի և լեղապարկի հեռացումը կամ բնածին բացակայությունը: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
11) թոքի ցանկացած հատվածի հեռացումը՝ անկախ գործառույթի խանգարման առկայությունից: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
12) կրկնակի որովայնահատումները և որովայնի կպումային հիվանդությունը՝ աղիների անանցանելիությամբ, ինչպես նաև աղիների անանցանելիության կապակցությամբ տարած վիրահատությունները: Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության և տարած վիրահատական բուժման վերաբերյալ տվյալներով.
13) վիճակ որովայնի, կրծքավանդակի, հետորովայնամզային տարածության հրազենային թափանցող վիրավորումներից հետո, որոնք ընթացել են ներքին օրգանների վնասումով, անկախ գործառույթի խանգարման առկայությունից: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով.
14) պարազիտար կիստաները (էխինոկոկոզ, ալվեոլոկոկոզ) և դրանց հետվիրահատական վիճակները: Հինգերորդ սյունակում նշված անձանց փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով,
«Բ» կետին են վերաբերում՝
1) կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները, որոնք ուղեկցվում են շնչառական գործառույթի կայուն չափավոր խանգարումով.
2) ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը՝ բարդացած արյունահոսությամբ՝ օրգանական հիմքի առկայությամբ, հաստատված էպիկրիզներով: Ապաքինումից հետո չորրորդ և հինգերորդ սյունակներով փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով:
«Գ» կետին են վերաբերում՝
1) աղեստամոքսային տրակտի արյունահոսություն տարած զինակոչիկները, առանց օրգանական հիմքի և սակավարյունության պատկերի. եթե տարած վերջին արյունահոսությունից (հաստատված բժշկական փաստաթղթերով) հետո անցել է առնվազն 3 տարի.
2) լեղապարկի խոլեստերոզը.
3) կրծքավանդակի, որովայնի խոռոչի և հետվորովայնամզային տարածության վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները՝ առանց գործառույթի խանգարումների:
«Դ» կետին են վերաբերում՝
1) կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և հետորովայնամզային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները՝ գործառույթի ժամանակավոր խանգարումով` երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս.
2) ոչ պարազիտար կիստաները ունեցող զորակոչիկներին բժշկական ցուցումների առկայության դեպքում առաջարկվում է վիրահատություն, այնուհետև փորձաքննվում են` ըստ գործառույթի խանգարման և չափսերի փոփոխության:
Առաջարկված վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ չափսերի` 3 սմ և ավելիի դեպքում կիրառվում է «բ» կետը:
Արտաքին շնչառական գործառույթի ցուցանիշի վրա տեխնիկական կամ այլ սուբյեկտիվ պատճառների բացառման նպատակով հաշվի է առնվում սատուրացիան՝ որոշված պուլսօքսիմետրով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է կրծքավանդակի օրգանների ՀՇ կամ համակարգչային սպիրոմետրիա:
Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:
Պարազիտար կիստաների հետազոտության ժամանակ ըստ անհրաժեշտության կատարվում է՝
1) համակարգչային շերտագրում.
2) լատեքս ագլյուտինացիա, իմունոֆերմենտային հետազոտություններ: