Հոդված 23
Հոդված 23.
Ներառում է շնչառական օրգանների, պլևրայի, ոսկրամկանային համակարգի, պերիֆերիկ ավշահանգույցների, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռային համակարգի, մաշկի և այլ օրգանների տուբերկուլյոզը: Ախտորոշումը պետք է հաստատվի ախտահարված օրգանի բջջաբանական հետազոտությամբ, որովայնադիտումով (լապարոսկոպիա), պունկցիոն բիոպսիայով և այլ մեթոդներով: Բուժումը պետք է լինի համալիր, անընդհատ, տևական (առնվազն` 4-6 ամիս):
«Ա» կետին են վերաբերում ակտիվ՝ զարգացող միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ դեպքերը, ինչպես նաև օրգան-համակարգերի գործառույթի զգալի խանգարումով վիրահատության հետևանքները և սպիական փոփոխությունները՝
1) թոքախտի բոլոր ձևերը և թարախակույտը՝ քայքայմամբ ու անընդհատ մանրէարտադրությամբ.
2) պլևրայի (թոքամզի) և թոքերի զարգացող սպիական փոփոխությունները՝ թոքերի ու միջնորմի տեղաշարժով, դրանց և արտաքին շնչառական գործառույթների խանգարումներով.
3) վիրահատության հետևանքներն արտաքին շնչառական գործառույթի զգալի խանգարումով (II-III աստիճանի թոքային անբավարարություն), ինչպես նաև տուբերկուլոզային (պալարախտային) բրոնխոադենիտի խուղակային ձևն ու բրոնխների տուբերկուլոզային ախտահարումները՝ մանրէների արտազատումով.
4) վիրահատությունից հետո բրոնխաբանական կամ ռենտգենկոնտրաստային հետազոտություններով հաստատված բրոնխիալ, բրոնխաթոքամզային խուղակները.
5) ավշահանգույցների քայքայումով, խուղակների առկայությամբ, տուբերկուլոզային պերիտոնիտի զարգացումով և ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի զարգացող տուբերկուլոզը.
6) միզատար ուղիների բազում տեղակայումներով (երիկամներ, միզածորաններ, միզապարկ) տուբերկուլոզը՝ քայքայումով կամ մանրէարտազատումով.
7) երիկամային ավազանի, միզածորանի, միզապարկի սպիական փոփոխությունները, միզատար ուղիների օրգանների պլաստիկ վիրահատությունների հետևանքները.
8) շագանակագեղձի, հավելումների, երկկողմանի ամորձատումից հետո տարածված, զարգացող տուբերկուլոզը՝ քայքայումով, խուղակներով կամ մանրէարտազատումով.
9) ողնաշարի, խոշոր ոսկրերի ու հոդերի տուբերկուլոզն ակտիվ զարգացող ընթացքով, բարդացած ծորուկային թարախակույտերով կամ խուղակներով.
10) օստեոմիելիտը՝ սեկվեստրալ խոռոչներով, սեկվեստրներով, երկար ժամանակ չապաքինվող կամ հաճախ բացվող խուղակներով (տարին` առնվազն 1-2 անգամ).
11) խոշոր հոդերի արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը՝ կայուն ցավային համախտանիշով, վերջույթների մկանների ապաճումով (ատրոֆիայով) և գործառույթի զգալի խանգարումով:
«Բ» կետին են վերաբերում ակտիվ` առանց միկոբակտերիայի արտազատման և քայքայման դեպքերը, ինչպես նաև օրգան-համակարգերի գործառույթի չափավոր խանգարումով վիրահատության հետևանքները և սպիական փոփոխությունները` առանց միկոբակտերիայի արտազատման և քայքայման՝
1) թոքախտի, պլևրայի (թոքամզի) ու ներկրծքային ավշահանգույցների ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերը՝ առանց տուբերկուլոզի մանրէների արտազատման ու քայքայման, չափավոր արտահայտված կլինիկական ախտանշաններով կամ առանց դրանց.
2) արմատական վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական գործառույթի չափավոր խանգարումով, աղիների, լյարդի, փայծաղի արմատական վիրահատությունից, էպիդիդիմէկտոմիայից հետո ավշահանգույցների (այդ օրգանների ֆունկցիաների չափավոր խանգարումով), շագանակագեղձի, ամորձիների և սերմնաբշտերի ակտիվ մարող տուբերկուլոզը՝ առանց քայքայման ու խուղակների.
3) ողնաշարի, ոսկրերի և հոդերի ակտիվ սահմանափակ տուբերկուլոզը, ինչպես նաև անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքները՝ առանց մակածորուկների ու խուղակների, տուբերկուլոզի պատճառով վիրահատությունից հետո առաջացած վիճակները կլինիկական լավ արդյունքով ու արտաքին շնչառական գործառույթի աննշան խանգարումով կամ առանց խանգարման.
4) ռենտգենաբանորեն երեք և ավելի սեգմենտների սահմաններում տուբերկուլյոզից հետո ոչ ակտիվ մնացորդային փոփոխություններ ունեցողները: Տարած տուբերկուլոզը պետք է փաստարկված լինի բժշկական փաստաթղթերով:
«Գ» կետին է վերաբերում ոչ ակտիվ տուբերկուլյոզը` օրգան-համակարգերի գործառույթի աննշան խանգարումով կամ առանց դրա՝
1) թոքերի կայուն ռենտգենաբանական փոփոխություններով ոչ ակտիվ տուբերկուլոզը.
2) հաջող հակամանրէական բուժումից հետո մնացորդային երևույթները, եթե դիսպանսեր հաշվառումից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումներ չեն եղել.
3) ողնաշարի, ոսկրերի ու հոդերի կայուն բուժված տուբերկուլոզը, անցյալում տարած տուբերկուլոզի հետևանքներն ավելի, քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, վիրահատությունից հետո ֆունկցիայի աննշան խանգարումը, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթները՝ առանց ցավային համախտանիշի, գործառույթի աննշան խանգարումով:
«Դ» կետին են վերաբերում տոբերկուլյոզի կլինիկական բուժումից հետո վիճակները` առանց մնացորդային երևույթների, երբ բուժման ավարտից անցել է առնվազն 5 տարի և ավելի, չկան գործառույթի խանգարում և կայուն մնացորդային երևույթներ:
Թոքերում ռենտգենաբանորեն հաստատված մինչև 3 փոքր պետրիֆիկատների առկայությունը (որոնցից յուրաքանչյուրի չափերը չեն գերազանցում 0,8 սմ) չի կարող խոչընդոտել զինվորական ծառայությանը, ՌՈՒՀ-եր ընդունվելուն, ցանկացած վայրում ծառայելուն: Սակայն անհրաժեշտ է ռենտգենաբանորեն հաստատված պետրիֆիկատների առկայության դեպքում իրականացնել ստացիոնար հետազոտություն հակատուբերկուլոզային կլինիկայում և ներկայացնել փորձաքննող մարմնին տեղեկանք` զինակոչիկի և նրա հետ նույն բնակտարածքում բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ (գտնվո՞ւմ են արդյոք դիսպանսեր հսկողության մեջ, ստանո՞ւմ են կամ ստացե՞լ են արդյոք ամբուլատոր կամ ստացիոնար բուժում):
Այն զորակոչիկները, որոնց ընտանիքներում (նույն բնակարանում) համապատասխան առողջապահական հաստատությունները հայտնաբերել են տուբերկուլոզով տառապող հիվանդի, ստանում են տարկետում՝ 6 ամիս ժամանակով: Դեղորայքակայուն ձևերով հիվանդների հետ կոնտակտավորներն ստանում են տարկետում` մեկ տարի ժամկետով:
Մանտուի գերդրական` 17 մմ-ից ավելի և հիպերերգիկ ռեակցիայով ուղեկցվող զինակոչիկներին անհրաժեշտ է պարտադիր կարգով հետազոտել տուբդիսպանսերում:
Տուբերկուլյոզով վարակվածներին հատկացվում է տարկետում 6 ամիս ժամկետով` քիմիոպրոֆիլակտիկայի հսկողության նպատակով:
Մանտուի փորձը, թոքերի ռենտգեն քննությունը, ինչպես նաև տարած տուբերկուլոզը ժխտող տեղեկանքը պարտադիր են նաև պայմանագրային ծառայություն անցնողների համար: Առանց մնացորդային երևույթների կամ մնացորդային երևույթներով լավացած տուբերկուլոզը պետք է հաստատված լինի համապատասխան բուժհիմնարկների կողմից, նախքան զորակոչվելը:
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզային ախտահարման ժամանակ ախտորոշումը պետք է հաստատվի արտազատուկի, մսամոլման (գրանուլյացիայի), ախտահարված հոդի, սառը թարախակույտերի բջջաբանական ու հյուսվածքաբանական հետազոտություններով, տրեպանոբիոպսիայով, կենսաբանական փորձով և այլ մեթոդներով:
Ոսկրահոդային տուբերկուլոզ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների բժշկական և մասնագիտական վերականգնման նպատակով վերափորձաքննությունը կատարվում է «դ» կետով՝ բուժման կուրսի ավարտից 5 տարի հետո:
Ավշահանգույցների, թոքերի և միզատար ուղիների ոչ ակտիվ տուբերկուլոզ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերափորձաքննությունը կատարվում է «դ» կետով` տուբերկուլոզային ստացիոնարի պայմաններում ամբողջական հետազոտումից հետո` առանց գործառույթի խանգարման և պրոցեսի ակտիվության, բուժման կուրսի ավարտից հետո, սակայն ոչ շուտ, քան 3 տարի անց:
Ոչ ակտիվ տուբերկուլոզ տարած, ստացիոնար բուժում ստացած I, II և III սյունակով փորձաքննվողները կարող են ճանաչվել պիտանի ծառայության` «դ» կետի համաձայն, ստացիոնար պայմաններում ամբողջական հետազոտությունից հետո, եթե բուժման հիմնական կուրսի ավարտից անցել է 5 տարի և ավելի, չկան գործառույթի խանգարում և կայուն մնացորդային երևույթներ: Սահմանափակել ծառայությունը խոնավ պայմաններում: