Հոդված 88
Հոդված 88.
Ներառում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:
Երկարատև ստացիոնար բուժում չպահանջող և աչքի ֆունկցիային չխանգարող հիվանդությունների դեպքում զորակոչիկները պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար:
ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկային հիվանդությունների փորձաքննությունն իրականացվում է հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` ախտածագումը, տարածվածությունը, սրացումների հաճախականությունը (տարեկան երեք և ավել անգամ), բուժման արդյունավետությունը: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է օբյեկտիվ քննության և բժշկական փաստաթղթերի (ակտեր, հիվանդության պատմագրեր, տվյալներ ստացած բուժման վերաբերյալ, լուսանկարներ և այլն) համադրման արդյունքում:
Մաշկային հիվանդությունների փորձաքննությունն իրականացվում է այն սկզբունքով, որ մեկ ափի մակերեսը՝ ներառյալ մատերը, կազմում են մարմնի մակերեսի 1%-ը: Ըստ դրա` մարմնի մակերեսը բաժանվում է մակերեսային դաշտերի` վերին վերջույթ 9%, ստորին վերջույթ` 18% և այլն:
Ըստ տարածվածության, մաշկային հիվանդությունները բաժանվում են`
1) օջախային- մեկ օջախ մարմնի մակերեսի 2%-ից փոքր չափերի,
2) լայնածավալ - մեկ օջախ մարմնի մակերեսերի 2%-ից մեծ չափերի,
3) սահմանափակ ձև` մինչև երկու անատոմիական գոտում մի քանի մանր օջախների առկայություն ամեն մեկը 1%-ից փոքր չափերի,
4) տարածուն և/կամ բազմաօջախային ձև` երեք և ավելի անատոմիական գոտում օջախների առկայությունը:
Զինծառայողների հետագա ծառայության համար պիտանիության եզրակացությունը կայացվում է ըստ բուժման արդյունքների:
Շարակցական հյուսվածքի, էնդոկրին և այլ համակարգերի, ալերգիաների հետ զուգակցվող մաշկային հիվանդությունները պարտադիր պետք է հետազոտվեն համապատասխան բուժհաստատություններում, փորձաքննվեն համապատասխան հոդվածներով: