Անցնել բովանդակությանը

Հոդված 38

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38.

Ներառում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատները, վնասվածքների հետևանքները, քրոնիկական հիվանդությունները: Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և գործառութային խանգարումների արտահայտվածության աստիճանի:

«Ա» կետին են վերաբերում խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:

V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է գործառութային փոխհատուցում:

«Բ» կետին են վերաբերում դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից, ինչպես նաև չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:

«Գ» կետին են վերաբերում քրոնիկ հիվանդությունները` երկարատև մեկ և ավելի տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները (ավարտված են համարվում այն օստեոմիելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ):

«Դ» կետի համաձայն` զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական): Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` ըստ գործառույթի խանգարման:

«Ե» կետի դեպքում առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի գործառույթի խանգարումը:

Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայությունը հիմք է վիրահատական բուժման համար, հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի գործառույթի խանգարման, խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության պիտանիության մասին եզրակացությունը, որպես կանոն, ընդունվում է ստացիոնար հետազոտությունից և բուժումից հետո: Պետք է նկատի ունենալ սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և զինվորական ծառայության առանձնահատկությունները:

«Դ» կետով են փորձաքննվում, նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո` չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:

Երկար խողովակավոր ոսկրերի կեղծ հոդերի առկայության դեպքում առաջարկվում է բուժում: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` կախված արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» կետը: Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո եզրակացություն է կայացվում ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական):

Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների բուժումից հետո, եթե մնացել է մետաղական կոնստրուկցիա, 1-ին սյունակով փորձաքննությունը իրականացվում է «դ» կետով` տրվում է տարկետում` կոնստրուկցիան հեռացնելու նպատակով, այնուհետև պիտանիությունը որոշվում է ըստ վերջույթի գործառույթի: Մետաղական կոնստրուկցիան չհեռացնելու դեպքում որոշում է ընդունվում նկատի առնելով կոնստրուկցիայի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը և վերջույթի գործառույթը: Զինծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, այնուհետև զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ «ա», «բ» կամ «գ» կետի:

Փոքր չափերի մետաղական կոնստրուկցիաների և պտուտակների առկայությունը սերտաճած կոտրվածքի պայմաններում, եթե զորակոչիկը հրաժարվում է դրանց հեռացումից, ապա եզրակացություն է կայացվում ըստ գործառույթի խանգարման աստիճանի: Մետաղական կոնստրուկցիայի հեռացման ցանկության դեպքում տրամադրվում է տարկետում` մինչև 1 տարի ժամկետով, պիտանիությունը որոշվում է բուժումից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում չորրորդ և հինգերորդ սյունակներով փորձաքննվորղները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, այնուհետև եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք անշարժացնում են միայն գիպսով, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո, ըստ չորրորդ և հինգերորդ սյունակների փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և մինչև գիպսը հանելը ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Հոդերի շարժման ծավալի սահմանափակումը գնահատելիս պետք է առաջնորդվել 3-րդ աղյուսակի ցուցանիշներով:

Հոդախախտումներից և կոտրվածքներից հետո` շարժումների սահմանափակման երևույթների առկայության դեպքում զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (գործառույթի պահպանումով) խոչընդոտ չէ զինվորական ծառայությանը:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։