Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.

Ներառում է սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, սրտի փականային ապարատի, աորտայի հիվանդությունները և զարգացման արատները: Փորձաքննությունը իրականացվում է ստացիոնար պայմաններում հետազոտոտությունից, անհրաժեշտության դեպքում բուժումից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում արյան շրջանառության խանգարման աստիճանը (կիրառվում է խրոնիկական սրտային անբավարարության դասակարգումը ըստ Սրտաբանների Նյու-Յորքյան ասոցիացիայի NYHA), հիվանդության ախտածագումը, կլինիկական դրսևորումները, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման, ինչպես նաև ինվազիվ միջամտությունների անհրաժեշտությունը, ստացված բուժման արդյունավետությունը, մոտակա և հեռակա կանխատեսումը և այլն:

Արյան շրջանառության խանգարման աստիճանը պետք է առարկայացվի էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ (ձախ փորոքի և նախասրտի սիստոլիկ ու դիաստոլիկ չափսերի մեծացում, արտամղման ֆրակցիայի իջեցում), որոշ դեպքերում նաև չափորոշված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ԷՍԳ փորձի (տրեդմիլ-թեստ, վելոէրգոմետրիա) արդյունքներով` համադրված հիվանդության կլինիկական տվյալների հետ: Պետք է նկատի ունենալ, որ ծանրաբեռնվածության փորձի արդյունքում առողջ անձանց մոտ հնարավոր է արձանագրվի արյան շրջանառության կեղծ անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սիրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ, վեգետատիվ նյարդային համակարգի գործառութային վիճակով և այլն:

«Ա» կետին են վերաբերում արյան շրջանառության III-IV գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Այս կետին են վերաբերում նաև`

1) սրտապարկի համընդգրկուն խցանումը.

2) փորոքների կամ աորտայի անևրիզմը.

3) սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող, հեմոդինամիկայի զգալի խանգարմանը բերող ձևերը սրտի ռիթմի և հաղորդչականության այն ձևերը որոնք ուղեկցվում են Սուր սրտային անբավարարությամբ (Killip դասակարգմամբ II-IV ֆունկցիոնալ դաս) և/կամ այն առիթմիաները որոնց բուժման համար անհրաժեշտ է եղել կարդիովերսիա/դեֆիբրիլյացիա։ Վերփորոքային տախիկարդիայի, նախասրտերի ֆիբրիլյացիայի, նախասրտերի թրթռման պարոքսիզմները փորձաքննվում է «ա» կետով այն դեպքում, երբ ուղեկցվել են վերը նշված բարդություններով։ Մնացած բոլոր դեպքերում փորձաքննվում են «գ» կետով։ Փորոքների ֆիբրիլյացիաները փորձաքննվում են «ա» կետով՝ անկախ հեմոդինամիկայի խանգարման առկայությունից և կատարված ռադիոհաճախային աբլյացիայից.

4) սրտի կամ սրտապարկի նորագոյացությունները.

5) դիլատացիոն և ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաները.

6) հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան, եթե առկա է ձախ փորոքի արտամղիչ տրակտի օբստրուկցիա:

«Բ» կետին են վերաբերում արյան շրջանառության II գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Այս կետին են վերաբերում նաև (անկախ արյան շրջանառության խանգարման աստիճանի)`

1) հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան՝ առանց արտամղիչ տրակտի օբստրուկցիայի (ախտորոշումը կատարվում է Եվրոպական սրտաբանության ասոցիացիայի չափանիշներով (ESC)).

2) Բրուգադայի համախտանիշը՝ բնորոշ ԷՍԳ կայուն փոփոխություններով.

3) սրտի բնածին և ձեռքբերովի արատները` անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից.

4) սրտի փականային ապարատի և աորտայի վիրահատական միջամտությունների հետևանքները.

5) սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի (փեյսմեյքեր) իմպլանտացիաները և սրտի հաղորդականության հավելյալ ուղիների կրկնակի աբլյացիաները.

6) առանց սրտի գործառութային խանգարման դեքստրակարդիաները և ներքին օրգանների լրիվ ինվերսիաները (Dextrocardia Situs Inversus Totalis).

7) պսակաձև անոթների հիվանդությունները և զարգացման անոմալիաները:

«Գ» կետին են վերաբերում արյան շրջանառության I գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Այս կետին են վերաբերում նաև`

1) միտրալ փականի արտանկումները (պրոլապս) II աստիճանի (6մմ և ավելի)` II աստիճանի հետհոսքով: Եթե առկա է միտրալ փականի II-րդ աստիճանի պրոլապս և մինչև 2-րդ աստիճանի հետհոսք, անհրաժեշտ է կատարել ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստ և անմիջապես գնահատել հետհոսքի աստիճանը։ Եթե Տրեդմիլ թեստից անմիջապես հետո միտրալ հետհոսքի աստիճանը չի գնահատվել II-րդ և ավելի աստիճանի, ապա զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար.

2) I-II աստիճանի աորտալ հետհոսքը.

3) միտրալ փականի 2-րդ և ավելի բարձր աստիճանի հետհոսքերը.

4) թոքային զարկերակի փականի, տրիկուսպիդալ փականի 2-րդ և ավելի աստիճանի հետհոսքերը՝ թոքային հիպերտենզիայի առկայության, կամ այլ փականի առնվազն 1-ին աստիճանի հետհոսքի հետ համակցված լինելու դեպքում.

5) սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, նախասիրտ-փորոքային հաղորդչականության I-II աստիճանի մասնակի պաշարումները (P-Q ինտերվալը կայուն 0,22 վրկ-ից ավելի է), սինո-աթրիալ II աստիճանի մասնակի պաշարումները` կլինիկական դրսևորումներով, փորոքային և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի էպիզոդները, փորոքային և վերփորոքային վազանցների (3 կոմպլեքս (և ավելի) 5 էպիզոդ (և ավելի), հաճախակի պոլիտոպ և պոլիմորֆ էքստրասիստոլիաները, հաճախակի ալոռիթմիաները, հաճախակի փորոքային (24 ժամում` 2000 և ավելի) և վերփորոքային (24 ժամում` 4000 և ավելի) էքստրասիստոլիաները, մշտական ոչ սինուսային ռիթմը: Առաջնակի հայտնաբերված սրտի ռիթմի և հաղորդչականության ոչ մշտական, անցողիկ խանգարումների դեպքում զորակոչիկին տրվում է տարկետում մինչև 1 տարի, որից հետո փորձաքննվում է ըստ հետազոտական տվյալների՝ համապատասխան կետերով.

6) Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկի լրիվ պաշարումները.

7) սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիան.

8) էխոսրտագրությամբ հայտնաբերված 3-րդ աստիճանի թոքային հիպերտենզիան.

9) սրտի ռիթմի և հաղորդականության մշտական, կայուն բնույթի խանգարումները` WPW-համախտանիշը, CLC-համախտանիշը (առկա է PQ ինտերվալի կայուն կարճացում մինչև 0.11վրկ, բացակայում է PQ սեգմենտը, առկա է սրտի ռիթմի և/կամ հաղորդչականության կայուն խանգարումներ):

«Դ» կետին են վերաբերում առանց արյան շրջանառության խանգարման վիճակները: Այս կետին են վերաբերվում նաև`

1) սրտի փականների մեկուսացված, ոչ մեծ չափսերի (մինչև առաջին աստիճանը ներառյալ) արտանկումները` աննշան հետհոսքով (մինչև առաջին աստիճանը ներառյալ).

2) երկճյուղանի (բիֆասցիկուլյար) մասնակի պաշարումները (առկա է Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարման և ձախ ոտիկի որևէ ճյուղի մասնակի պաշարման պատկեր), եթե չկան հեմոդինամիկայի և սրտի ռիթմի խանգարումներ.

3) եզակի մոնոմորֆ փորոքային (24 ժամում` 400-ից պակաս) և վերփորոքային (24 ժամում` 800-ից պակաս) էքստրասիստոլիաները.

4) առանց մնացորդային երևույթների սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններից հետո վիճակները: Նման դեպքերում փորձաքննությունը իրականացվում է համակողմանի և լիարժեք հետազոտություններից հետո:

«Ե» կետին են վերաբերում սրտանոթային համակարգի սուր հիվանդություններից (սուր միոկարդիտներ, սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևեր և այլն), ինչպես նաև ստացիոնար բուժում չպահանջող և ժամանակավոր բնույթ կրող արյան շրջանառության և (կամ) սրտի ռիթմի խանգարումներից հետո վիճակները: Այս կետին են վերաբերվում նաև՝

1) առաջին անգամ էխոսրտագրությամբ հայտնաբերված 1-2-րդ աստիճանի թոքային հիպերտենզիան.

2) տրիկուսպիդալ, միտրալ, թոքային զարկերակի համակցված 1-ին աստիճանի հետհոսքերը (երեքը միասին), որի դեպքում տրվում է տարկետում՝ մինչև մեկ տարի ժամկետով։ Տարկետման ժամկետի ավարտից հետո եթե չի դիտվել որևէ փականի հետհոսքի աստիճանի ավելացում զորակոչիկը «դ» կետով ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար.

3) առաջին անգամ էխոսրտագրությամբ հայտնաբերված մինչև առաջին աստիճանի կարճատև, առանց հեմոդինամիկ խանգարման աորտալ հետհոսքը.

4) 24 ժամում 400-ից ավելի, 2000-ից պակաս մոնոմորֆ փորքային և (կամ) վերփորոքային 24 ժամում 800-ից ավելի, 4000-ից պակաս մոնոմորֆ վերփորոքային էքստրասիստոլիաները.

5) ԷՍԳ քննությամբ ի հայտ եկած ռեպոլյարիզացիայի արտահայտված խանգարումներ ունեցող զորակոչիկներին առաջին անգամ տրվում է տարկետում մինչև 12 ամիս, որի ընթացքում կատարվում է պարտադիր հոլտեր մոնիթորինգ և ծանրաբեռնվածության թեստ։

Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում ունեցող անձինք պետք է հետազոտվեն պարտադիր 24-ժամյա հոլտեր-մոնիտորինգի կատարումով: Անձնական գործին կամ հիվանդութայն պատմագրին կցվում է ախտաբանական փոփոխությունները արտացոլող ծավալուն հոլտեր տպվածքը:

Սինուսային (շնչառական) առիթմիա, Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության, եթե չկան ռիթմի և հաղորդչականության խանգարման այլ («գ» կետով նախատեսված) դրսևորումներ:

Սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիայից հետո առաջին անգամ փորձաքննությունն իրականացվում է «գ» կետով: Դինամիկ հսկողության պայմաններում, երեք տարի անց, եթե բացակայում են հեմոդինամիկայի, ռիթմի և հաղորդչականության խանգարման նշանները, փորձաքննությունը հինգերորդ սյունակով կարող է իրականցվել «դ» կետով:

Եթե PQ ինտերվալի կարճացումը չի ուղեկցվում ռիթմի կամ հաղորդչականության այլ խանգարումներով («գ» կետով նախատեսված), առկա է PQ սեգմենտը, բացակայում են կլինիկական ախտանիշները, ապա տվյալ վիճակը գնահատվում է որպես էլեկտրոկարդիոգրաֆիկ CLC-ֆենոմեն և առաջին և երկրորդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության: Նույն պարագայում CLC-ֆենոմենը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու և ուսումը շարունակելու համար:

Գործառութային բնույթի, առանց կլինիկական դրսևորումների, անցողիկ, եզակի նախասիրտ-փորոքային հաղորդչականության I-II աստիճանի մասնակի պաշարումները և սինո-աթրիալ II աստիճանի մասնակի պաշարումները փորձաքննվում են «դ» կետով:

Սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններից հետո մնացորդային երևույթների առկայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «ա», «բ» կամ «գ» կետով` կախված հեմոդինամիկայի խանգարման աստիճանից: Առանց հեմոդինամիկայի խանգարման, սակայն մնացորդային երևույթների առկայության դեպքում փորձաքննությունը նույնպես իրականացվում է «գ» կետով: Առանց մնացորդային երևույթների սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններ տարած անձիք կարող են փորձաքննվել «դ» կետով` համակողմանի հետազոտություններից հետո: Այդ վիճակները խոչընդոտ չեն զինվորական ծառայության անցնելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Սրտի ռիթմավարի մշտական կամ երկարատև միգրացիա ունեցող անձինք փորձաքննվում են «ե» կետով: Տարկետումից (արձակուրդից) հետո բարդությունների («գ» կետով նախատեսված) բացակայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «դ» կետով:

Մինչև առաջին աստիճանի կարճատև, ոչ մշտական, աննշան, առանց հեմոդինամիկ խանգարման աորտալ հետհոսքի պարագայում զորակոչիկները և ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողները առաջին անգամ փորձաքննվում են «ե» կետով: Տարկետումից (արձակուրդից) հետո բարդությունների («գ» կետով նախատեսված) բացակայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «դ» կետով:

Մինչև 3մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար, 3մմ-ից մինչև 6մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք փորձաքննվում են «դ» կետով:

Արհեստավարժ մարզիկների մոտ հնարավոր է առկա լինի «սպորտային սրտին» բնորոշ փոփոխություններ, որի դեպքում զինակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։