Հոդված 25.1
Հոդված 25.1.
Քրեակատարողական ծառայության լիազորությունները
1. Քրեակատարողական ծառայությունը՝
1) օրենքով սահմանված կարգով կատարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները,
2) ապահովում է օրենքով սահմանված հիմքերով և կարգով անձանց կալանքի տակ պահելը,
3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը,
4) քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ,
5) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը,
6) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմաններ,
7) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ,
8) ապահովում է քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների բարելավումը,
9) ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունը,
10) դատարանների դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների համաձայն՝ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները,
11) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար,
12) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին ցուցաբերում է մեթոդական և գործնական աջակցություն,
13) վարում է քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարանը, ապահովում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումը, իրականացնում է նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ,
14) կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, ուսումնասիրում և վերլուծում է այդ աշխատանքների կատարման ընթացքը, թերությունները վերացնելու համար ձեռնարկում է միջոցներ և նշված խնդիրների լուծման համար կատարում է այլ գործառույթներ,
15) իրականացնում է քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին և պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման և պահպանման գործընթացը,
16) ամփոփում է քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերը, դրանց հիման վրա կազմում է գնումների անվանացանկը և ներկայացնում է ծառայության համապատասխան բաժին, դրա հիման վրա կազմում է գնման հայտեր,
17) իրականացնում է վերահսկողություն դատարանների կողմից դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ,
18) իրականացնում է մշտական վերահսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ` իրավիճակը կայունացնելու համար, անցկացնում է ծառայողական ստուգումներ կամ քննություններ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,
19) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով մշակում և իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր` համագործակցելով հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ,
20) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ,
21) իրականացնում է քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, ձեռնարկում է միջոցներ դրանց պահպանության, կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման և անվտանգության ապահովման համար,
22) կազմում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրեր, կատարված աշխատանքների մասին պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություն,
23) սահմանված կարգով կազմակերպում է համաներման և ներման ակտերի կատարումը,
24) կազմակերպում է քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական և նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության և կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ,
25) ընդհանրացնում և վերլուծում է քրեական պատիժների կատարման, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալները,
26) կազմակերպում և անցկացնում է քրեակատարողական ծառայողների ատեստավորումը,
27) կազմակերպում է փոխադրվելու, ինչպես նաև կոչումների շնորհման գործընթացը,
28) ապահովում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային և սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով և գույքով, ինչպես նաև համակարգի անձնակազմին՝ ծառայողական հանդերձանքով,
29) իրականացնում է հսկողություն անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ,
30) մասնակցում է քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին:
(25.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-282-Ն)