Հոդված 26. Քրեակատարողական ծառայության պետը
Հոդված 26. Քրեակատարողական ծառայության պետը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)
1. Քրեակատարողական ծառայության պետը`
1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության գործունեությունը.
2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.
4) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.
5) համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերը.
6) իր իրավասությունների շրջանակներում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին.
7) շնորհում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ, բացառությամբ սույն օրենքի 51.4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
8) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
9) քննարկում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.
10) վերացնում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.
11) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.
13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի կամ քաղաքացիական ծառայողի լիազորությունները.
14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Քրեակատարողական ծառայության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:
(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)