Հոդված 13. ՌՈՅԱԼՏԻ
Հոդված 13. ՌՈՅԱԼՏԻ
1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն, այդպիսի ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալտիի փաստացի սեփականատերը, ապա պարտավորվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի ռոյալտիի համախառն գումարի 10 %: Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալտի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարումներ` ստացված գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի հեղինակային իրավունքներից, ներառյալ կինոնկարները, և արբանյակային, կաբելային, օպտիկական մանրաթելային կամ նման` տեխնոլոգիաներով հասարակությանը հաղորդվող ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար կինոնկարները կամ ձայնագրությունները, ցանկացած պատենտից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներից օգտվելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման կամ արդյունաբերական, առևտրային գիտական փորձի վերաբերյալ տեղեկության դիմաց: «Ռոյալտի» տերմինը ներառում է նաև գույքի կամ իրավունքների դասավորությունը կամ արտադրության, արդյունավետության օգտագործումը, քանակություն կազմող որևէ այդպիսի գույքի կամ իրավունքների օտարումից դրանց արժեքի հավելաճը` այդպիսի հավելաճի չափով:
4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտիի աղբյուր հանդիսացող Պայմանավորվող մյուս Պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ և 15-րդ հոդվածների դրույթները:
5. Համարվում է, որ ռոյալտին առաջանում է Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը Պետությունը, նրա վարչատարածքային ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Եթե, սակայն, ռոյալտի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն կամ հաստատուն բազա ունի, որոնց հետ կապված ռոյալտի վճարելու պարտավորություն է առաջացել, և վճարման ծախսերը կրում են այդ մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ ռոյալտին առաջացել է Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Եթե, վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, իրավունքը կամ տեղեկությունը, որի համար դրանք վճարվում են, օգտագործելու վերաբերյալ ունեցած ռոյալտիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: