Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է ինչպես ասված է վերևում, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որ մասով այն վերագրվում է այդ մշտական հաստատությանը:
2. Ելնելով սույն հոդվածի երրորդ կետի դրույթներից, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը կվերագրվի այն շահույթը, որը նա կարող էր ակնկալել ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույնպիսի կամ նմանատիպ գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձին ձեռնարկություն, և գործեր լիովին անկախ ձեռնարկությունից, ում մշտական հաստատությունն է:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված փաստաթղթորեն հաստատված մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, Պետություններից որևէ մեկում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը կամ այլ տեղ: Այս դրույթը կկիրառվի հաշվի առնելով ներքին օրենսդրության սահմանափակումները:
4. Եթե, Պայմանավորվող Պետության օրենսդրության համաձայն մշտական հաստատությանը վերաբերող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի հավասար բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի երկրորդ կետի դրույթները խոչընդոտ չեն հանդիսանա այդ Պայմանավորվող Պետության համար հաշվառել հարկվող շահույթը ընդունված բաշխման միջոցով: Սակայն, բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է լինեն սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:
5. Մշտական հաստատությանը չի վերագրվում այն շահույթը, որն առաջացել է միայն ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնումից:
6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, բացառությամբ, եթե այն փոխելու համար կա պատշաճ ու բավարար պատճառ:
7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա: