Հոդված 11. Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները
Հոդված 11. Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները
1. Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է այնպես, որպեսզի ապահովվի օդային երթևեկության կարգավարական սպասարկումը (օդային երթևեկության շրջանային կառավարումը)՝
1) միջազգային չվերթերի համար՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով ներդրված ԻԿԱՕ-ի տարածաշրջանային աերոնավիգացիոն պլանի համաձայն.
2) ներքին առևտրային չվերթերի, ռազմական ավիացիայի, ընդհանուր նշանակության ավիացիայի, ավիացիոն այլ գործունեության իրականացման համար, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Նշված նպատակների իրականացման համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:
2. Այն աերոդրոմները, որոնք նախատեսված են միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման համար, համարվում են կառավարվող աերոդրոմներ, որոնցում կոմիտեի սահմանած կարգով ապահովվում են օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունները: Այլ աերոդրոմներ կոմիտեի կողմից հայտարարվում են կառավարվող, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Կառավարվող աերոդրոմների գործունեության համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:
3. Խաղաղ ժամանակ ռազմաքաղաքացիական համագործակցությունն օդային տարածքում իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի (այսուհետ՝ միասնական համակարգ) միջոցով: Միասնական համակարգի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Կոմիտեն սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման միջոցների՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները: Նշված ծառայությունների մատուցումն իրականացնում է կոմիտեի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության սպասարկումն ու հարակից միջոցները կարող են ապահովել կոմիտեի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) այլ կազմակերպություններ: Սույն մասով նախատեսված կազմակերպություններին թույլտվություն տալու (կազմակերպությունների սերտիֆիկացման) կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետությունում օդային երթևեկության սպասարկման կարգավարի գործունեությամբ կարելի է զբաղվել միայն սույն օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեի կողմից տրված կամ ուժ ստացած ատեստավորման վկայականի հիման վրա: Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները հավասարապես կիրառվում են նաև օդային երթևեկության սպասարկման կարգավարների և նրանց ատեստավորման նկատմամբ: Հատկացված օդային տարածքներում բացառապես ռազմական օդանավերի թռիչքների կառավարում իրականացնող ռազմական կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգը սահմանող պահանջների հիման վրա:
6. Օդային երթևեկության սպասարկման գործընթացի պարզեցման նպատակով կոմիտեն կարող է օդային երթևեկության սպասարկման ծառայության մատուցման և այլ հարակից գործառույթների իրականացման որոշ իրավասություն փոխանցել մեկ այլ երկրի կամ միջազգային կազմակերպության կամ այլ համապատասխան մարմնի՝ օդային տարածքի որոշակի մասերում և որոշակի բարձրությունների սահմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր, որով սահմանված է, թե ինչ պայմաններով է իրականացվում իրավասության այդպիսի փոխանցումը: Համապատասխանաբար կոմիտեն կարող է օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների մատուցման իրավասություն ստանալ հարևան երկրներից, եթե դրանց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր:
Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել օդային տարածքի առանձին մասերում միայն օդային երթևեկության սպասարկման իրավասությունը հարևան երկրին փոխանցելու մասին: Համապատասխանաբար միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել հարևան երկրից օդային երթևեկության սպասարկման իրավասություն ստանալու մասին:
7. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովումն իրականացվում է օդերևութաբանության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով՝ կոմիտեի հետ և հաշվի առնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության տեսակները: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունները մատուցում են կոմիտեի համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները:
8. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնում է կոմիտեն ինքնուրույն կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` համապատասխան թույլտվություն ստացած մասնագիտացված կազմակերպությունը` Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի դրույթների համաձայն, վճարովի հիմունքներով: Կոմիտեն իրականացնում է տվյալների ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ:
9. Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի համաձայն` աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք պարտավոր են համապատասխան տեղեկատվությունը ժամանակին, ճշգրիտ և անվճար տրամադրել լիազորված մարմնին:
Կոնցեսիոներների կողմից սահմանվող սակագները կարգավորվում են կոնցեսիոն պայմանագրերով:
(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)