Հոդված 12. Օդանավակայանները և աերոդրոմները
Հոդված 12. Օդանավակայանները և աերոդրոմները
1. Աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով:
Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը և սպասարկումը:
Թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռի, ուղղաթիռի) թռիչք-վայրէջքի, գետնավարման և կայանման համար:
2. Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:
3. Միջազգային օդանավակայան է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։
Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման:
Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակները կարող են շահագործվել միայն շահագործման թույլտվության հիման վրա:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը և թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվությունը տալիս է կոմիտեն։
Ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները սահմանում է կոմիտեն:
5. Թռիչքային և ավիացիոն անվտանգության նպատակով կոմիտեն կարող է սահմանել աերոդրոմի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիային ծառայություններ մատուցող և ավիացիոն գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Կոմիտեն սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջները:
6. Կոմիտեն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) և թռիչք-վայրէջքի հարթակների, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ` բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությունը:
Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ՍԼՕՏ) տրամադրելու կարգը սահմանում է կոմիտեն:
7. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի շահագործման թույլտվության գործողությունը կարող է դադարեցնել կամ կասեցնել կոմիտեն, եթե աերոդրոմը (ուղղաթիռադաշտը) կամ թռիչք-վայրէջքի հարթակը, դրանց շահագործման կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ եկած թերությունները չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա կոմիտեն իրավասու է շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել շահագործման սահմանափակումներ:
8. Աերոդրոմի տարածքում գործում են համապատասխան հրշեջ և փրկարարական ծառայություններ, որոնց գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
Աերոդրոմների շրջակայքում շենքերի, շինությունների, հաղորդակցության, բարձր լարման գծերի, ռադիոտեխնիկական միջոցների և այլ օբյեկտների տեղադրումը կամ գործունեության իրականացումը, որը կարող է վտանգ սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը, ենթակա է համաձայնեցման կոմիտեի հետ՝ Կառավարության սահմանած կարգով: Սահմանված պահանջների խախտում թույլ տված անձինք պարտավոր են սեփական միջոցների հաշվին իրականացնել օբյեկտների վերացումը, տեղափոխումը կամ անհրաժեշտ ձևափոխումները՝ համաձայն կոմիտեի պահանջների:
9. Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների ցանկը և դրանց օգտագործման կարգը հաստատում է Կառավարությունը: Համատեղ բազավորման և օգտագործման աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման կոմիտեի կողմից:
10. Կոմիտեն ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ` բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, առանց խախտելու համապատասխան օդանավակայանի կոնցեսիոներների իրավունքները՝ կոնցեսիոն պայմանագրին համապատասխան: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Կոմիտեն, ըստ անհրաժեշտության, սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջներ՝ բացառապես հիմնվելով ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, ապահովության և անվտանգության նպատակներով՝ առանց խախտելու օդանավակայանի կոնցեսիոների կոնցեսիոն պայմանագրով սահմանված իրավունքները:
11. Կոմիտեն անցկացնում է քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների, սերտիֆիկացված աերոդրոմների, վերգետնյա միջոցների և ծառայությունների ուսումնասիրություն և ստուգումներ՝ բացառապես ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման ուսումնասիրությունները և ստուգումները պետք է հիմնավորված լինեն և չխոչընդոտեն օդանավակայանի կոնցեսիոներների բնականոն գործունեությանը: Կոնցեսիոներների կատարած օդանավակայանի բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:
12. Օդանավակայանի կոնցեսիոները մասնավոր անձ է, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկը կամ մի քանիսը շահագործելու, տնօրինելու, ղեկավարելու և կառավարելու՝ Կառավարության տրամադրած լիազորությունների շրջանակում:
13. Կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկի օդանավակայանի կոնցեսիոների իրավունքը՝
1) օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը.
2) գործելու որպես օդանավակայանի կառավարիչ՝ սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը.
3) շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարության կողմից տրված լիազորությունների շրջանակում տրամադրելու թույլտվություններ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն՝ կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:
14. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:
Կոնցեսիայի միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի կոնցեսիայի պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Կոնցեսիայով շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:
Կոնցեսիայի պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթակոնցեսիայի:
Ենթակոնցեսիայի պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի կամ շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Կառավարությունն իրականացնում է համապատասխան վերահսկողություն օդանավակայանի կոնցեսիոների գործունեության նկատմամբ՝ կոնցեսիոն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:
15. Սույն օրենքի իմաստով օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայություններ են հանդիսանում օդանավի կայանման գործընթացից սկսած մինչև թռիչքի իրականացման նպատակով շարժիչների գործարկման թույլտվություն ստանալու պահը, ուղևորների, ուղեբեռների գրանցման, օդանավի բեռնման, բեռնաթափման և չվերթի սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:
(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, լրաց., խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-272-Ն)