Հոդված 13. Որոնումը և փրկարարությունը
Հոդված 13. Որոնումը և փրկարարությունը
1. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու կամ աղետալի իրավիճակում հայտնվելու դեպքերում կազմակերպվում են որոնման և փրկարարական աշխատանքներ՝ Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում անհրաժեշտ որոնման և փրկարարական միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Որոնման և փրկարարական ծառայությունն ապահովում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում (որոնման և փրկարարական շրջան)՝ համաձայն միջազգային պայմանագրերի:
4. Որոնման և փրկարարական շրջանում հիմնվում է Փրկարարական համակարգող կենտրոն: Որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով՝ կարող են հիմնվել փրկարարական համակարգող ենթակենտրոններ:
5. Օդային երթևեկության սպասարկման միավորները տեղերում, ինչպես նաև բոլոր սերտիֆիկացված աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը), որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում հանդիսանում են որոնողափրկարարական ծառայության մաս և ապահովում են Փրկարարական համակարգող կենտրոնի կամ փրկարարական համակարգող ենթակենտրոնի պահանջած աջակցությունն ու տեղեկատվությունը:
6. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, օդանավի սեփականատերերը և շահագործողները, օդանավում, օդանավակայանում, աերոդրոմներում կամ այլ միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին և մինչև որոնման և փրկարարական ուժերի ժամանումը միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և նրանց անհետաձգելի բժշկական և այլ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տվյալ օդանավի և դրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանց կատարած համապատասխան ծախսերը հատուցում է օդանավը շահագործողը:
7. Որոնողափրկարարական ծառայությունները համագործակցում են պատահարը քննողների և պատահարից տուժած անձանց օգնություն ցուցաբերողների հետ: Պատահարի քննությանը նպաստելու նպատակով որոնողափրկարարական ծառայությանը հնարավորության դեպքում ուղեկցում են պատահարների քննության հարցերում իրազեկ անձինք:
8. Մինչև սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատահարը քննող ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի ժամանումը օդանավի ջարդված մասերը չպետք է տեղաշարժվեն ավելի, քան դա անհրաժեշտ է օդանավում գտնվողներին փրկելու կամ զոհվածների մարմինները տեղափոխելու համար:
Տեղաշարժված բոլոր առարկաները պահվում են պատահարի վայրում:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում լայնածավալ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օդանավակայանում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտների լիազոր մարմնի ուժերով ծավալվում է ընդունման և մեկնման կետ` ժամանող միջազգային մարդասիրական և փրկարարական օգնությունը կանոնակարգելու համար:
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)