Հոդված 5. Ավիացիայի տեսակները
Հոդված 5. Ավիացիայի տեսակները
1․ Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական ավիացիան և պետական ավիացիան։
2. Քաղաքացիական ավիացիան ներառում է առևտրային ավիացիան և ընդհանուր նշանակության ավիացիան:
3. Առևտրային ավիացիան առևտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղևորների, բեռի և փոստի կանոնավոր և ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար։
4. Կանոնավոր առևտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթերի համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ և վճարի դիմաց իրականացվող չվերթերն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար, ներառյալ` կանոնավոր չվերթերի հետ կապված ուղևորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթերը:
5. Ոչ կանոնավոր առևտրային փոխադրումները ներառում են առևտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը և գործարարական ավիացիան:
6. Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է`
1) ոչ առևտրային գործարարական ավիացիան.
2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիան.
3) անձնական թռիչքները.
4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիան, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիան։
7. Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։
(5-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-294-Ն)