Հոդված 58. Ուղևորի փոխադրման տոմսի նկատմամբ պահանջները
Հոդված 58. Ուղևորի փոխադրման տոմսի նկատմամբ պահանջները
1. Ուղևորի փոխադրման նպատակով տրվում է տոմս, որտեղ՝
1) նշվում են մեկնման վայրը, նպատակակետը և թռիչքի ժամը.
2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում, և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.
3) ուղևորին հանձնվում է գրավոր նշում առ այն, որ Մոնրեալի կոնվենցիան, և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ Մոնրեալի կոնվենցիան ու օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մահվան կամ վնասվածքի և ուղեբեռի կորստի, վնասվելու կամ ոչնչացման դեպքում:
2. Ուղևորի փոխադրման տոմսը` տրված թղթային եղանակով կամ ձևակերպված էլեկտրոնային գործարքի միջոցով, հանդիսանում է փոխադրման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:
3. Տոմսի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:
4. Եթե փոխադրողի համաձայնությամբ ուղևորն օդանավ է մտել առանց տոմսի, կամ եթե տոմսի հետ ուղևորին չի հանձնվել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները: