Հոդված 51. Թռիչքային անվտանգության լրացուցիչ կանոնակարգումները
Հոդված 51. Թռիչքային անվտանգության լրացուցիչ կանոնակարգումները
1. Ավիացիոն պատահարների և ընդհանուր առմամբ օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով կոմիտեն սահմանում է օդանավերի շահագործմանը և թռիչքների իրականացմանը վերաբերող կանոնակարգեր:
2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:
Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:
3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության պահանջներից ելնելով` կոմիտեն իրավասու է օդային երթևեկության կառավարման ծառայության միջոցով օդանավի հրամանատարից պահանջելու անմիջապես վայրէջք կատարել նպատակահարմար համարվող ամենամոտ օդանավակայանում:
4. Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ սույն օրենքի 4-7-րդ գլուխների դրույթները չեն տարածվում: Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ առումով արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ պահանջները սահմանում է կոմիտեն: Սահմանվող պահանջները չպետք է սպառնան հասարակական կամ թռիչքային և ավիացիոն անվտանգությանը:
5. Օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները հաստատում է կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:
6. Օդանավի ու նրա անձնակազմի փաստաթղթերին և օդանավում դրանց առկայությանը ներկայացվող պահանջները սահմանում է կոմիտեն: Անհրաժեշտության դեպքում կոմիտեն կարող է ստուգել օդանավը, օդանավի և անձնակազմի կամ այլ փաստաթղթերը:
(51-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)