Հոդված 23. Թռիչքային պիտանիության վերահսկումը և սերտիֆիկացումը
Հոդված 23. Թռիչքային պիտանիության վերահսկումը և սերտիֆիկացումը
1. Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող օդանավի թռիչքային պիտանիության, ինչպես նաև թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասերի, հարմարանքների և սարքավորումների (աերոնավտիկական արտադրատեսակներ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կոմիտեն:
2. Թռիչքների համար պիտանի օդանավին, դրա սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա կոմիտեի կողմից տրվում է թռիչքային պիտանիության վկայական՝ գործողության որոշակի ժամկետով:
Օդանավի թռիչքային պիտանիության և շահագործման նկատմամբ պահանջները սահմանում է կոմիտեն:
Օդանավի գործունեության հետ կապված կոմիտեի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության վկայականում:
3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա կոմիտեն կարող է երկարաձգել թռիչքային պիտանիության վկայականի գործողության ժամկետը, եթե սահմանված կարգով իրականացված թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների արդյունքում պարզվի օդանավի պիտանիությունը:
4. Կոմիտեի կողմից իրականացվող թռիչքային պիտանիության ուսումնասիրությունները և ստուգումները կարող են պարունակել հետևյալ գործողություններից ցանկացած մեկը կամ մի քանիսը՝
1) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման և այլ տեխնիկական հաշվետվությունների ու ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը.
2) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունը.
3) օդանավի ֆիզիկական վիճակի ստուգումը.
4) օդանավի թռիչքային փորձարկումը:
5. Թռիչքային պիտանիության վկայականի վավերականության ժամանակահատվածում կոմիտեն իրականացնում է թռիչքային պիտանիության նկատմամբ վերահսկողություն՝ իր սահմանած կարգով, առանձին դեպքերում՝ նաև օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի հիման վրա:
6. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է կոմիտեին տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, սպասարկմանը, ձևափոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև դրա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ու վիճակագրությունը:
7. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը թռիչքային պիտանիության վերահսկման և սերտիֆիկացման գործընթացում կոմիտեին ցուցաբերում է դրա խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն: Թռիչքային ստուգումների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից՝ կոմիտեի նշանակած ներկայացուցչի մասնակցությամբ:
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)