Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները
Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները
1. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:
3. Օդանավի հրամանատարին և, եթե նախատեսված է, նրան փոխարինողին (երկրորդը անձնակազմում) նշանակում է օդանավի սեփականատերը: Եթե օդանավն օգտագործում է սեփականատեր չհանդիսացող շահագործողը, ապա օդանավի հրամանատարին և նրան փոխարինողին նշանակում են շահագործողը և սեփականատերը՝ փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել կոմիտե։
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե կոմիտեն բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:
5. Միջազգային առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում օդանավի օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: Թռիչքի ժամանակահատվածում օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը: Օդանավի թռիչքային անձնակազմի մյուս անդամների՝ շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին:
6. Օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(35-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-272-Ն)