Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի և դրա Հավելվածի նպատակով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում`
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառյալ վերջինիս ցանկացած Հավելված, որը ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն` այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու փոփոխությունները ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն. Նիդերլանդների Թագավորության դեպքում` տրանսպորտի, հասարակական աշխատանքների և ջրերի կառավարման նախարար. երկու դեպքում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու վերոհիշյալ իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն,
դ) «տարածք» տերմինը պետության առնչությամբ ունի այն իմաստը, որը նրան տրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով,
ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմինները ունեն այն իմաստները, որոնք նրանց տրված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածով,
զ) «համաձայնեցված հաղորդակցություն» և «սահմանված երթուղի» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, միջազգային օդային հաղորդակցություն` համաձայն սույն Համաձայնագրի Հավելվածի սահմանված երթուղու,
է) «պաշարներ» տերմինը նշանակում է սպառման համար նախատեսված պատրաստի առարկաներ` թռիչքի ժամանակ օդանավում օգտագործման կամ վաճառքի համար, ներառյալ տնտեսապարենային պաշարները,
ը) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը, նրա Հավելվածը` կնքված վերջինիս կիրառման նպատակով, Համաձայնագրի կամ Հավելվածի ցանկացած փոփոխություն,
թ) «սակագին» տերմինը նշանակում է ավիաընկերությունների կողմից ուղղակիորեն կամ իրենց գործակալների միջոցով անձից կամ կազմակերպությունից ուղևորների (և նրանց ուղեբեռների) և բեռի (բացառությամբ փոստի) փոխադրման համար գանձվող կամ գանձվելիք ցանկացած գումար, ներառյալ.
1. սակագնի մատչելիությունը և կիրառելիությունը կարգավորող պայմանները, և
2. փոխադրման ժամանակ ավիաընկերության կողմից առաջարկվող օժանդակ ծառայությունների գները և պայմանները,
ժ) «օդանավի փոխարինում» տերմինը նշանակում է համաձայնեցված հաղորդակցության շահագործումը նշանակված ավիաընկերության կողմից այնպիսի ձևով, որ երթուղու մեկ կամ մի քանի հատվածները շահագործվեն տարբեր տարողության օդանավերով,
ժա) «համակարգչային ռեզերվացիոն համակարգ» (ՀՌՀ) տերմինը նշանակում է համակարգչային համակարգ, որը պարունակում է տեղեկություններ ավիաընկերության չվացուցակների, նստատեղերի առկայության, գների և հարակից ծառայությունների մասին, և որի միջոցով կարելի է կատարել ռեզերվացիա և/կամ բաց թողնել տոմսեր, և որը թվարկված ծառայությունները լրիվ կամ մասամբ մատչելի է դարձնում ճամփորդական գործակալների համար: