Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները

1. Վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանիչների` դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման։ Նրանց վճարվում են նաև օրապահիկ և գիշերավարձ։ Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը։

2. Զբաղվածություն չունեցող վկային և մասնագետին վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ աշխատող վկային փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի հաշվարկին համապատասխան:

3. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո։ Վկաների, փորձագետների և թարգմանիչների պարտականությունների կատարման ավարտի օր է համարվում տվյալ գործով նշանակված վերջին դատաքննության օրը:

4. Դատարանը վկաների, փորձագետների, մասնագետների և թարգմանիչների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ վճարում կատարելու անհրաժեշտության մասին և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ:

5. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ստանալուց 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:

6. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման չափորոշիչները։

&#9878Հոդված 107. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները

1. Փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:

3. Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:

4. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:

5. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չեն առնվում դատական ակտերի նախագծեր պատրաստելու համար փաստաբանին վճարված գումարները:

&#9878Հոդված 108. Դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելը

1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:

2. Գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

(108-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 109. Դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև

1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

2. Առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին գրավոր համաձայնություն կայացվելու դեպքում դատարանը դատական ծախսերը բաշխում է դրան համապատասխան:

3. Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

4. Գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:

5. Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս դատարանը հաշվանցում է հայցվորի և պատասխանողի կրած դատական ծախսերը՝ դրա արդյունքով լրիվ կամ մասնակի ազատելով նրանց հակառակ կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից:

6. Հատուկ վարույթներով, ինչպես նաև սույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:

7. Վճարման կարգադրություն արձակվելու դեպքում պարտապանը կրում է դիմողի վճարած պետական տուրքի հատուցման պարտականությունը:

8. Այն դեպքերում, երբ առկա է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով նոտարի կողմից մերժվելու մասին որոշում, և դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)՝ դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը կարող է դրվել պատասխանողի վրա։

9. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում, եթե դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ, ապա նշված վճռում դատարանը կարող է նշում կատարել դատական ծախսերի հարցին առանձնացված գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու մասին:

(109-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն, 26.06.23 ՀՕ-226-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն)

(19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։