Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո, իսկ սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում՝ Համակարգն օգտագործող անձին հասանելի դառնալու հաջորդ օրը։
3. Սույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, և Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները։
4. Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի և վայրի մասին ծանուցումների, ինչպես նաև դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները։
(64.7-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)