Հոդված 18. Կողմերի համաժողով
Հոդված 18. Կողմերի համաժողով
1. Սույնով ստեղծվում է Կողմերի համաժողով:
2. Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցությունը հրավիրվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի և Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից համատեղ՝ ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի համաժողովի հերթական խորհրդակցությունները հրավիրվում են Կողմերի համաժողովի որոշած պարբերականությամբ:
3. Կողմերի համաժողովի արտահերթ խորհրդակցությունները հրավիրվում են այն ժամանակ, երբ համաժողովը դրանք անհրաժեշտ է համարում, կամ յուրաքանչյուր Կողմի գրավոր խնդրանքով՝ պայմանով, որ այդ խնդրանքը կպաշտպանի Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդը:
4. Կողմերի համաժողովը իր առաջին խորհրդակցության ժամանակ փոխհամաձայնության միջոցով համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր օժանդակ մարմնի ընթացակարգային և ֆինանսական կանոնները, ինչպես նաև քարտուղարության գործունեությունը կարգավորող ֆինանսական դրույթները:
5. Կողմերի համաժողովը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքին և տալիս է համապատասխան գնահատական: Կոնվենցիայով ստանձնած գործառույթները կատարելու նպատակով.
ա) հաստատում է 6-րդ կետով նախատեսվող և այլ օժանդակ մարմիններ, որոնք, ըստ ամենայնի, անհրաժեշտ է համարում սույն Կոնվենցիայի իրագործման համար,
բ) ըստ անհրաժեշտության՝ համագործակցում է իրավասու միջազգային կազմակերպությունների և միջկառավարական և ոչ կառավարական մարմինների հետ, և
գ) ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում ընդունում է լրացուցիչ միջոցներ՝ սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
6. Կողմերի համաժողովը իր առաջին խորհրդակցության ժամանակ սույն Կոնվենցիայով ստանձնած գործառույթները կատարելու նպատակով հաստատում է օժանդակ մարմին, որը կկոչվի Քիմիական նյութերի կոմիտե: Այդ կապակցությամբ՝
ա) Քիմիական նյութերի կոմիտեի անդամները նշանակվում են Կողմերի համաժողովի կողմից: Կոմիտեն կազմված է կառավարությունների կողմից նշանակված՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի կարգավորման բնագավառի փորձագետներից: Կոմիտեի անդամները նշանակվում են արդար աշխարհագրական բաշխման հիման վրա, այդ թվում՝ հաշվի է առնվում զարգացած և զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի բալանսավորված ներկայացուցչության ապահովումը,
բ) Կողմերի համաժողովը լուծում է Կոմիտեի գործունեության և աշխատանքների կազմակերպման ու վարման շրջանակների վերաբերյալ հարցը,
գ) Կոմիտեն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ փոխհամաձայնեցման միջոցով իր հանձնարարականները ընդունելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ դրան չի հաջողվել հասնել, այդպիսի հանձնարարականը, որպես վերջին միջոց, ընդունվում է ներկա և քվեարկման մասնակցող ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
7. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացված լինել Կողմերի համաժողովի խորհրդակցություններին՝ որպես դիտորդ: Յուրաքանչյուր այլ մարմին կամ հաստատություն, ազգային թե միջազգային, կառավարական թե ոչ կառավարական, որն աշխատանքի փորձ ունի Կոնվենցիայի գործունեության ոլորտին վերաբերող բնագավառներում և քարտուղարությանը հայտնել է իր ցանկությունը Կողմերի համաժողովի խորհրդակցությանը որպես դիտորդ ներկայացված լինելու մասին, կարող է մասնակից ճանաչվել, եթե դրա դեմ չի առարկում Կողմերի խորհրդակցությանը ներկաների առնվազն մեկ երրորդը: Դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կարգավորվում են Կողմերի համաժողովում ընդունված ընթացակարգի կանոններով: