Հոդված 22. Հավելվածների ընդունում և ուղղումներ
Հոդված 22. Հավելվածների ընդունում և ուղղումներ
1. Սույն Կոնվենցիայի Հավելվածները դրա անբաժանելի մասն են, և եթե այլ կերպ նախատեսված չէ, սույն Կոնվենցիան վկայակոչելը միևնույն ժամանակ նշանակում է վկայակոչել նրա որևէ Հավելվածը:
2. Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
3. Սույն Կոնվենցիայի լրացուցիչ Հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կիրառվում է հետևյալ ընթացակարգը.
ա) լրացուցիչ Հավելվածները առաջարկվում և ընդունվում են համաձայն 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված ընթացակարգի,
բ) Յուրաքանչյուր Կողմ, որը չի կարող ընդունել լրացուցիչ Հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին այդպիսի լրացուցիչ Հավելվածի մասին ավանդապահին հայտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ավանդապահը անհապաղ բոլոր Կողմերին տեղեկացնում է յուրաքանչյուր այդպիսի ծանուցման մասին: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահին հետ վերցնել նախկինում արած իր ծանուցումը որևէ լրացուցիչ Հավելվածի վերաբերյալ, որից հետո Հավելվածը ուժի մեջ կմտնի տվյալ Կողմի համար՝ ստորև բերվող «գ» ենթակետին համապատասխան, և
գ) լրացուցիչ Հավելվածի ընդունման մասին ավանդապահի հայտնելուց մեկ տարի անց այդ Հավելվածը ուժի մեջ է մտնում «բ» ենթակետի դրույթների համաձայն ծանուցում չներկայացրած բոլոր Կողմերի համար:
4. Բացի 3-րդ Հավելվածից՝ սույն Կոնվենցիայի Հավելվածներում ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում են ընթացակարգով, որը համանման է Կոնվենցիայի լրացուցիչ Հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար ընդունված ընթացակարգին:
5. 3-րդ Հավելվածի ուղղումների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կիրառվում է հետևյալ ընթացակարգը.
ա) 3-րդ Հավելվածի ուղղումները առաջարկվում և ընդունվում են համաձայն 5-9-րդ հոդվածներում և 21-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված ընթացակարգի,
բ) Կողմերի համաժողովը կայացնում է որոշում փոխհամաձայնությամբ ընդունելու մասին:
գ) Ավանդապահը անհապաղ Կողմերին հայտնում է իր որոշումը 3-րդ Հավելվածում ուղղումներ մտցնելու մասին: Ուղղումները բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում որոշման մեջ նշված ժամկետից:
6. Եթե լրացուցիչ Հավելվածը կամ Հավելվածի ուղղումները կապված են սույն Կոնվենցիայի տեքստում ուղղում մտցնելու հետ, ապա լրացուցիչ Հավելվածը կամ ուղղումը ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո: