Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
ա) «քիմիական նյութ»՝ այն նյութն է, որը կարող է հանդես գալ որպես այդպիսին կամ որպես արդյունաբերական կամ բնական ճանապարհով ստացված խառնուրդ կամ պատրաստուկ, բայց որը չի ներառում որևէ կենդանի օրգանիզմ: Այս սահմանումը ներառում է հետևյալ կատեգորիաները. պեստիցիդներ (այդ թվում՝ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդներ) և արդյունաբերական քիմիական նյութեր,
բ) «արգելված քիմիական նյութ»՝ այն քիմիական նյութն է, որի կիրառման բոլոր ձևերը մեկ կամ մի քանի կատեգորիաների սահմաններում արգելված են եղել վերջնական կանոնակարգային որոշմամբ՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով:
Այստեղ ընդգրկված են այն քիմիական նյութերը, որոնց առաջին անգամ օգտագործման թույլտվությունը մերժվել է, կամ արդյունաբերությունը հանել է երկրի ներսում վաճառքից, կամ էլ ընդհանրապես բացառվել է դրանց վերաբերյալ երկրի ներսում վաճառքի թույլտվություն ստանալը, և երբ ակնհայտ է, որ այդ միջոցները ձեռնարկվել են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,
գ) «խիստ սահմանափակ քիմիական նյութ»՝ քիմիական նյութ, որի գործնական կիրառումը մեկ կամ մի քանի կատեգորիայի շրջանակներում արգելվել է վերջնական կանոնակարգային որոշմամբ՝ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, բայց որի վերաբերյալ օգտագործման առանձին ձևեր, այնուամենայնիվ, թույլատրված են: Սրանցից են այն քիմիական նյութերը, որոնց գործնական օգտագործման բոլոր ձևերի թույլտվությունը մերժվել է, կամ դրանք արդյունաբերությունը հանել է երկրի ներսում վաճառքից, կամ էլ ընդհանրապես բացառվել է դրանց վերաբերյալ երկրի ներսում վաճառքի թույլտվություն ստանալը, և երբ ակնհայտ է, որ այդ միջոցները ձեռնարկվել են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,
դ) «վտանգավոր պեստիցիդային խառնուրդներ»՝ որպես պեստիցիդներ օգտագործելու նպատակով ստեղծված քիմիական նյութեր, որոնք կարող են լուրջ հետևանքներ առաջացնել մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար՝ ոչ տևական ժամանակահատվածում եզակի կամ բազմակի ազդեցության արդյունքում,
ե) «վերջնական կանոնակարգային որոշում»՝ Կողմի կայացրած որոշում, որը չի պահանջում հետագա կանոնակարգային որոշում, և որի նպատակն է քիմիական նյութի արգելումը կամ խիստ սահմանափակումը,
զ) «ներմուծում և արտահանում»՝ իրենց նշանակության որոշակի շրջանակներում քիմիական նյութերի տեղափոխում մի Կողմից մյուս Կողմ՝ բացառությամբ զուտ տարանցիկ գործողությունների,
է) «Կողմ»՝ պետություն կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է պարտավորված լինել սույն Կոնվենցիայով, և որի համար Կոնվենցիան ուժի մեջ է,
ը) «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն»՝ որևէ տարածաշրջանի ինքնիշխան պետության կողմից ստեղծված կազմակերպություն, որին իր անդամ պետությունները հանձնարարել են զբաղվել սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերով, և որը իր ներքին ընթացակարգի համաձայն՝ իրավասու է հավուր պատշաճի վավերացնել, ընդունել և հավանություն տալ սույն Կոնվենցիային և միանալ դրան,
թ) «քիմիական նյութերի կոմիտե»՝ օժանդակ մարմին, որի մասին նշվում է 18-րդ հոդվածի 6-րդ կետում: