Հոդված 6. Խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդներին վերաբերող ընթացակարգեր
Հոդված 6. Խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդներին վերաբերող ընթացակարգեր
1. Յուրաքանչյուր Կողմ, որը զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկիր լինելով, որոշակի դժվարություններ ունի՝ կապված խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների հետ, իր տարածքում դրանց օգտագործման պայմաններին համապատասխան՝ կարող է առաջարկել քարտուղարությանը այդ վտանգավոր պեստիցիդային խառնուրդը մտցնել 3-րդ Հավելվածի մեջ: Առաջարկ նախապատրաստելիս Կողմը կարող է հենվել յուրաքանչյուր համապատասխան աղբյուրի կողմից տրամադրվող տեխնիկական փորձագիտական տվյալների վրա: Այդ առաջարկը պետք է ընդգրկի այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են՝ 4-րդ Հավելվածի 1-ին բաժնի դրույթների համաձայն:
2. Քարտուղարությունը որքան հնարավոր է արագ և ոչ ուշ, քան 1-ին կետի համաձայն ներկայացվող այդպիսի առաջարկ ստանալուց 6 ամիս անց, քննարկում է այն՝ 4-րդ Հավելվածի 1-ին բաժնի դրույթների համաձայն անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը ստուգելու նպատակով: Եթե առաջարկի մեջ անհրաժեշտ տեղեկություններ կան, քարտուղարությունը անհապաղ բոլոր Կողմերին ուղարկում է ստացած տեղեկատվության համառոտագիրը, իսկ եթե անհրաժեշտ տեղեկությունները բացակայում են, նա պատշաճ կերպով տեղեկացնում է առաջարկ ներկայացնող Կողմին:
3. Քարտուղարությունը 2-րդ կետի համաձայն ներկայացվող առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում, որոնք նշվել են 4-րդ Հավելվածի 2-րդ բաժնում:
4. Տվյալ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված պահանջները կատարելուց հետո քարտուղարությունը առաջարկը և համապատասխան տեղեկությունները ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին:
5. Քիմիական նյութերի կոմիտեն, 4-րդ Հավելվածի 3-րդ բաժնում նախանշված չափանիշների համաձայն, քննարկում է այդ առաջարկում բերված տեղեկություններն ու լրացուցիչ հավաքված յուրաքանչյուր տեղեկություն և Կողմերի համաժողովին առաջարկություն է ներկայացնում՝ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգում և, համապատասխանաբար, 3-րդ Հավելվածի մեջ տվյալ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդը մտցնելու վերաբերյալ: