Հոդված 10. Պարտավորություններ՝ 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ
Հոդված 10. Պարտավորություններ՝ 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ
1. Յուրաքանչյուր Կողմ իրականացնում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ՝ 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ ճիշտ ժամանակին որոշումների ընդունումը ապահովելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ հնարավորին չափ արագ, բայց ոչ ուշ, քան 7-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված որոշման ընդունմանը նպաստող փաստաթղթի ուղարկման ամսաթվից ինը ամիս անց, քարտուղարությանը հղում է պատասխան՝ իր կողմից տվյալ քիմիական նյութի սպասվելիք ներմուծման իրականացման մասին: Պատասխանում փոփոխություն մտցնելիս Կողմը վերանայված պատասխանը անհապաղ ներկայացնում է քարտուղարությանը:
3. 2-րդ կետում նշված ժամկետը անցնելուց հետո քարտուղարությունը անհապաղ գրավոր դիմում է պատասխան չներկայացրած Կողմին՝ խնդրելով այդ անել: Եթե Կողմը չկարողանա պատասխան ուղարկել, քարտուղարությունը համապատասխան դեպքերում 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետում պատասխանը ներկայացնելու հարցում աջակցում է նրան:
4. Պատասխանը ներկայացվում է հետևյալ ձևերից որևէ մեկով.
ա) վերջնական որոշում, որը ընդունվում է՝ ի կատարումն օրենսդրական կամ վարչական միջոցառումների.
i) թույլ տալ ներմուծումը,
ii) թույլ չտալ ներմուծումը, կամ
iii) թույլ տալ ներմուծումը միայն որոշակի պայմաններով, կամ
բ) միջանկյալ պատասխան, որը կարող է ընդգրկել.
i) նախնական որոշում, որը թույլ է տալիս ներմուծումը որոշակի պայմաններով կամ առանց դրանց, կամ միջանկյալ ժամանակահատվածի ընթացքում ներմուծում թույլ չի տալիս,
ii) հայտարարություն այն մասին, որ վերջնական որոշումը ակտիվ քննարկման փուլում է,
iii) լրացուցիչ տեղեկություններ ստանալու խնդրանք՝ հասցեագրված քարտուղարությանը կամ վերջնական կանոնակարգային որոշման մասին տեղեկացնող Կողմին,
iv) քարտուղարությանը հասցեագրված խնդրանք՝ քիմիական նյութի գնահատման հարցում աջակցություն ցույց տալու վերաբերյալ:
5. 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված պատասխանները վերաբերում են օգտագործման կատեգորիային կամ այն կատեգորիաներին, որոնք որոշվել են 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի վերաբերյալ:
6. Վերջնական որոշումը ուղեկցվում է այն բոլոր օրենսդրական կամ վարչական միջոցառումների մասին տեղեկատվությամբ, որոնց հիման վրա ընդունվել է տվյալ որոշումը:
7. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուն պես այդ Կողմը քարտուղարությանն է ներկայացնում իր պատասխանները 3-րդ Հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր քիմիական նյութի վերաբերյալ:
Փոփոխված Լոնդոնյան ղեկավար սկզբունքների կամ Վարվելակարգի միջազգային օրենսգրքի համաձայն՝ այդպիսի պատասխաններ ներկայացրած յուրաքանչյուր Կողմ դրանք չպետք է ներկայացնի նորից:
8. Յուրաքանչյուր Կողմ 2-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացրած իր պատասխանների մասին, համաձայն իր օրենսդրական կամ վարչական միջոցառումների, տեղյակ է պահում իր իրավասությունների ներքո գտնվող շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
9. Այն Կողմը, որը 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որոշում է ընդունում թույլ չտալ այս կամ այն քիմիական նյութի ներմուծումը կամ ներմուծումը թույլ տալ միայն որոշակի պայմաններով, եթե դա դեռ չի արել, միաժամանակ արգելում կամ համանման պայմաններ է դնում.
ա) յուրաքանչյուր աղբյուրից այդ քիմիական նյութի ներմուծման համար, և
բ) ներքին օգտագործման նպատակով դրա հայրենական արտադրության համար:
10. Քարտուղարությունը վեց ամիսը մեկ բոլոր Կողմերին տեղեկացնում է ստացված պատասխանների մասին՝ ներառյալ առկա տեղեկությունները այն օրենսդրական կամ վարչական միջոցառումների վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել որոշումների համար: Բացի այդ՝ քարտուղարությունը Կողմերին տեղեկացնում է պատասխան չներկայացնելու յուրաքանչյուր դեպքի մասին: