Հոդված 10
Հոդված 10.
Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից այդ շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում: Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը՝ այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 3 (երեք) տոկոսը:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերից մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը, նրա քաղաքական ստորաբաժանմանը կան ֆինանսական հաստատությանը վճարված շահաբաժինները ազատվում են հարկումից շահաբաժինների մասով:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից, «jouissance» բաժնետոմսերից կամ «jouissance» իրավունքներից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ այլ, պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որն ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պայմանավորվող Պետության հարկային օրենքների, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ մյուս պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7 հոդվածի կամ 14 հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պայմանավորվող պետությունը չի կարող ենթարկել որևէ հարկման ընկերության կողմից վճարված շահաբաժինները, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պայմանավորվող պետության շահաբաժինների փաստացի սեփականատեր հանդիսացող ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: