Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար.
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստանի Հանրապետություն կամ Արաբական Միացյալ Էմիրություններ,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն,
գ) «Արաբական Միացյալ Էմիրություններ» տերմինը աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածք, ներառյալ իր տարածքային ջրերը, կղզիները, օդային տարածքը, տարածքային ծովը, ինչպես նաև մայրցամաքային շելֆը և դրանց բնական պաշարները, որոնց նկատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունները իրականացնում են իրենց ինքնիշխան իրավունքները՝ միջազգային իրավունքի համաձայն,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքներով իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա,
զ) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ճանապարհային փոխադրամիջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «հարկ» տերմինը ենթատեքստից կախված` նշանակում է «Հայաստանի հարկ» կամ «Արաբական Միացյալ Էմիրությունների հարկ»,
ժ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
(i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ,
(ii) Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում՝ ֆինանսների և արդյունաբերության նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչ:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելիս, դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենքով տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը, ընդ որում, այդ Պետության համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրված նշանակության նկատմամբ: