Հոդված 26
Հոդված 26.
Փոխադարձ համաձայնեցման ընթացակարգ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքում առկա որևէ ժամանակային սահմանափակումներից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: