Հոդված 7
Հոդված 7.
Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միմիայն այդ պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունն մյուս Պայմանավորվող պետությունում չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է այդ պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ստանալ՝ լինելով ինքնուրույն ու առանձին ձեռնարկություն, իրականացնելով նույն կամ համանման պայմաններում նույն կամ համանման գործունեություն և գործելով լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է դուրս գրել այդ մշտական հաստատության ձռնարկատիրական նպատակներով կրած ծախսերը, ներառյալ այդ նպատակներով կրած կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք կատարված են ինչպես այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլուր, հաշվի առնելով դիտարկվող Պայմանավորվող պետության համապատասխան օրենքները:
Սակայն չի թույլատրվում նվազեցնել այն գումարները, որոնք մշտական հաստատության կողմից վճարված են (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկությանը՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով, մատուցված ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի՝ մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց տոկոսների տեսքով: Նմանապես, ոչ մի գումար չի համարվի ընդունված մշտական հաստատության շահույթները սահմանելիս պահանջված գումարների նկատմամբ (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալտիի, հոնորարների կամ նման վճարումների միջոցով, կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով:
4. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
5. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է որոշել մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ենթամասերի միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետը ոչ մի կերպ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը ընդունված բաշխման եղանակով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում բովանդակված սկզբունքներին:
6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի միևնույն եղանակով, եթե այն փոխելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: