Հոդված 10. Ազդագրի գրանցումը
Հոդված 10. Ազդագրի գրանցումը
1. Ազդագիրը չի կարող հրապարակվել, եթե այն սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով չի գրանցվել Կենտրոնական բանկում:
2. Ազդագիրը գրանցելու համար թողարկողը կամ տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում ազդագրի գրանցման հայտ, որի ձևը սահմանում է Կենտրոնական բանկը: Հայտին կից ներկայացվում են՝
1) ազդագիրը՝ մեկ օրինակից և ազդագրի տեքստի էլեկտրոնային տարբերակը.
2) թողարկողի կանոնադրության պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
3. Ազդագիրը համարվում է գրանցված Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցման հայտը ստանալու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը, եթե Կենտրոնական բանկն այն չի գրանցում մինչ այդ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Եթե Կենտրոնական բանկը մինչև գրանցման օրը գտնի, որ ներկայացված փաստաթղթերը ոչ լիարժեք են, ազդագիրը չի համապատասխանում սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, ազդագիրն էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, ազդագրում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ազդագիրը չի պարունակում ներդրողների պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ, ապա Կենտրոնական բանկը պահանջում է թողարկողից կամ տեղաբաշխողից ներկայացնել ազդագրի լրացում:
Եթե մինչև գրանցման օրն ազդագրի որևէ լրացում է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա ազդագրի գրանցման հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում լրացումը ստանալու օրվանից:
5. Կենտրոնական բանկն ազդագրի գրանցման մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ազդագրի գրանցման հայտը ներկայացրած անձին:
6. Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում ազդագրում ներառված տեղեկությունների ճշտության կամ իսկության համար: Ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցումը չի հավաստում ներդրման ապահովությունը, ներկայացված տեղեկության ճշտությունը կամ իսկությունը: Այդ դրույթը, Կենտրոնական բանկի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի ազդագրի սկզբում՝ աչքի ընկնող տեղում: