Հոդված 176. Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները
Հոդված 176. Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները
1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) որպես կենտրոնացված պահառու՝
ա. մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց,
բ. ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները,
գ. շնորհում է արժեթղթերի տարբերակիչ ծածկագրեր.
2) որպես կենտրոնացված ռեեստրավար իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), նրանց պատկանող (անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը՝ թողարկողի հետ կնքված պայմանագրի հիման վրա.
3) որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի (այսուհետ նաև` հաշվարկային համակարգ) օպերատոր՝
ա. որոշում և հաշվանցում է արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները (քլիրինգ),
բ. արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը համապատասխան հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ,
գ. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպում է արժեթղթերի վերջնահաշվարկի արդյունքում ծագած դրամական պարտավորությունների կատարումը հաշվարկային համակարգի անդամների միջև,
դ. անհրաժեշտ հարցումներ է կատարում արժեթղթերի և դրամական միջոցների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համար՝ օրենքով, այլ իրավական ակտերով, հաշվարկային համակարգի կանոններով և կնքված պայմանագրերով սահմանված կարգով,
ե. հաշվարկային համակարգի անդամների փոխադարձ պարտավորությունների կատարումը երաշխավորելու և հաշվարկային համակարգի գործունեության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծում և կառավարում է երաշխիքային հիմնադրամներ,
զ. արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները բավարարելիս հանդես է գալիս որպես բոլոր գործարքների կողմ (կողմերի կենտրոնական գործակալ)՝ հաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան իր կանոններին համապատասխան իրավունք ունի իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև դրանց առնչվող այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով: