Հոդված 98. Ծառայողական տեղեկության հրապարակումը
Հոդված 98. Ծառայողական տեղեկության հրապարակումը
1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ներդրումային ծառայություններ մատուցող անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին մասով չի արգելվում՝
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.
2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի հաճախորդի կողմից կամ վերջինիս գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.
3) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկն իրավունք ունի ներդրումային ծառայություններ մատուցող անձանց վերահսկողության ընթացքում ստանալու և ծանոթանալու ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններին, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը.
5) օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում թողարկողին կամ սույն օրենքով սահմանված կարգով արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձին անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում ներառված տեղեկությունների տրամադրումը: