Հոդված 60. Կամավոր վերադարձի ընթացակարգը
Հոդված 60. Կամավոր վերադարձի ընթացակարգը
1. Ապաստան հայցողները և փախստականները կարող են դիմել լիազոր մարմին սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նրանց կամավոր վերադարձին աջակցելու և օժանդակելու նպատակով: Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք` փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում:
2. Լիազոր մարմինը կամավոր վերադարձին աջակցելու նպատակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է նրանց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՄՄԿ) հետ:
3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում:
4. Կամավոր վերադարձի համար դիմողն իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահի: Մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավունքներից առանց որևէ սահմանափակման:
5. Կամավոր վերադարձի համար դիմած անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո լիազոր մարմինը նրա անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը, ներառյալ` ապաստան հայցողը սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ապաստանի ընթացակարգը դադարեցնելու կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին որոշումները:
6. Եթե ապաստան հայցողը կամ փախստականը սույն հոդվածով սահմանված կարգով կամավոր վերադարձել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր և հետագայում կրկին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և ապաստան է հայցում, ապա նրա հայցը քննվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով: