Հոդված 8. Առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողները և փախստականները
Հոդված 8. Առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողները և փախստականները
1. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը, սույն օրենքի իմաստով, 18 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ (ծնող), խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:
2. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
3. Լիազոր մարմինը պետք է աջակցի առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի տեղավորմանը և խնամքի ապահովմանը, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցերում:
4. Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողների կամ փախստականների հարցերի հետ առնչություն ունեցող, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված բոլոր պետական մարմինները, հաշվի առնելով առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների առանձնահատուկ վիճակը, առավելագույնս ելնելով նրանց շահերից` իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն նրանց: