Հոդված 11. Փախստական ճանաչելու բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը
Հոդված 11. Փախստական ճանաչելու բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը
1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա`
1) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի.
2) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը.
3) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ:
2. Ապաստանի տրամադրումը կարող է մերժվել այն փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, և կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր:
3. Փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն: