Հոդված 50. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների երաշխիքները
Հոդված 50. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների երաշխիքները
1. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողի(ների) (այսուհետ` առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցող(ներ)) դեպքում լիազոր մարմինն անմիջապես տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմնին` առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողներին խնամակալ (հոգաբարձու) նշանակելուն աջակցելու նպատակով:
Լիազոր մարմինը պետք է նախաձեռնի երեխայի ծնողների կամ այլ բարեկամների որոնումը ընտանիքի միավորման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոնումը և միավորումը երեխայի շահերից չեն բխում:
2. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը Երեխաների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողներին տեղավորելու և խնամակալ նշանակելու գործընթացը:
3. Երեխային տեղավորելիս Հայաստանի Հանրապետության խնամակալության մարմինները պետք է ապահովեն մեկ ընտանիքի անդամ հանդիսացող անչափահաս ապաստան հայցողների համատեղ բնակությունը` ելնելով երեխաների շահերի պաշտպանությունից:
4. Խնամակալը(ները) պարտավոր է(են) ապաստանի ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողի(ների) շահերը:
5. Լիազոր մարմինը չպետք է նախաձեռնի ապաստանի ընթացակարգի որևէ քայլ առանց խնամակալի ներգրավման և պետք է ապահովի, որ հարցազրույցը անցկացվի սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով` վերջինիս ներկայությամբ, և այն անցկացնող պաշտոնյան պետք է տիրապետի անչափահասների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին:
6. Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողի ապաստանի ընթացակարգում ընդգրկված բոլոր պաշտոնյաները իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից: