Հոդված 51. Հարցազրույցը
Հոդված 51. Հարցազրույցը
1. Յուրաքանչյուր ապաստան հայցող, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անհատական ապաստանի դիմում ներկայացնելուց հրաժարված ընտանիքի անդամների, պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Լիազոր մարմինը կարող է ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար:
2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողները ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում են հարցազրույցի մասին: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի և հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի և ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում:
3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը(ները), որ (որոնք) կազմում է (են) հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը, որը ստորագրում է ապաստան հայցողը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրել արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն և կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:
4. Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա պետական լիազոր մարմինը նրան տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաև օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:
5. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողը իր միջոցների հաշվին կարող է ներկայացվել իր փաստաբանի կողմից, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին և նրա վերաբերյալ ցանկացած տեղեկություններին անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:
6. Կին ապաստան հայցողի հետ հարցազրույցը, վերջինիս ցանկությամբ, անցկացնում է լիազոր մարմնի կին աշխատակիցը` անհրաժեշտության դեպքում կին թարգմանչի միջոցով:
7. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը և տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն:
8. Հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկությունները, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին: