Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կողմերի Կոնֆերանս

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի Կոնֆերանս: Կողմերի առաջին Կոնֆերանսը հրավիրում է Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի Գործադիր տնօրենը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի Կոնֆերանսի հերթական խորհրդակցությունները հրավիրվում են առաջին խորհրդակցությունում Կոնֆերանսի սահմանած հաջորդականությամբ:

2. Կողմերի Կոնֆերանսի արտահերթ խորհրդակցությունները հրավիրվում են, երբ Կոնֆերանսը դա անհրաժեշտ է համարում, կամ Կողմերից մեկի գրավոր խնդրանքով` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ խնդրանքը Կողմերին հասցեագրվելուց հետո այդ խնդրանքին կմիանա ոչ պակաս, քան Կողմերի մեկ երրորդը:

3. Կողմերի Կոնֆերանսը միաձայնությամբ համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ բոլոր օժանդակ մարմինների ընթացակարգերի կանոնները, ինչպես նաև ֆինանսական կանոնները, մասնավորապես, սույն Կոնվենցիայի շրջանակներում Կողմերի ֆինանսական մասնակցությունը որոշելու նպատակով:

4. Կողմերը իրենց առաջին խորհրդակցության ժամանակ կքննարկեն բոլոր լրացուցիչ միջոցառումները, որոնք կարող են օգնել ծովային միջավայրի պաշտպանման և պահպանման հարցում իրենց պարտականությունների կատարմանը` սույն Կոնվենցիայի ենթատեքստով:

5. Կողմերի Կոնֆերանսը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի արդյունավետ կատարմանը և, բացի այդ.

ա/ նպաստում է համապատասխան քաղաքականության, ռազմավարության և միջոցների համաձայնեցմանը վտանգավոր և այլ թափոնների կողմից մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու նպատակով,

բ/ քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն Կոնվենցիայի և դրա հավելվածների ուղղումները` հաշվի առնելով inter alia առկա գիտական, տեխնիկական, տնտեսական և էկոլոգիական տեղեկատվությունը,

գ/ քննարկում և ընդունում է ցանկացած լրացուցիչ միջոցառում, որը կարող է պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար դրա կատարման ընթացքում կուտակած փորձի ներքո, ինչպես նաև 11-րդ հոդվածով նախատեսված համաձայնությունների և պայմանավորվածությունների կատարման ընթացքում,

դ/ անհրաժեշտության դեպքում քննարկում և ընդունում է արձանագրություններ,

ե/ ստեղծում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի կատարման համար:

6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հիմնարկները, ինչպես նաև Կողմ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն կարող են ներկայացվել Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին` որպես դիտորդներ: Այլ մարմինները կամ հիմնարկները` ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական, որոնք օժտված են վտանգավոր կամ այլ թափոնների ոլորտին վերաբերող իրավասությամբ և քարտուղարությանը տեղեկացրել են որպես դիտորդ Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին ներկայացված լինելու իրենց ցանկության մասին, կարող են մասնակցելու թույլտվություն ստանալ, եթե դրա դեմ չի առարկում ներկա Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մասնակցության թույլտվությունը կարգավորվում է Կողմերի Կոնֆերանսի կողմից ընդունվելիք ընթացակարգի կանոններով:

7. Կողմերի Կոնֆերանսը սույն Կոնվենցիան ուժի մեջ մտցնելուց երեք տարի անց, իսկ այնուհետև ոչ ուշ, քան վեց տարին մեկ անգամ, կատարում է նրա արդյունավետության գնահատում և, եթե անհրաժեշտ է համարում, քննարկում է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման լրիվ կամ մասնակի արգելքի սահմանման հնարավորությունը` հաշվի առնելով վերջին գիտական, էկոլոգիական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։